«Հրաշք կինը» ֆիլմի սիքվելի պրեմիերան կկայանա 2020 թվականի ամռանը
«Հրաշք կինը» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան նշանակված է 2020 թվականի հունիսի 5-ին: Այդ մասին հոկտեմբերի 22-ին Instagram-ի իր էջում հայտնել է գլխավոր դերակատարուհին՝ Գալ Գադոթը:
Ռեժիսոր Փեթի Ջենքինսի «Հրաշք կինը» կինոնկարի նախորդ ֆիլմը ցուցադրել են 2017 թվականին. ժապավենն ստացել է կինոքննադատների դրական արձագանքները եւ ստեղծողներին ավելի քան 100 մլն դոլար է բերել առաջին հանգստյան օրերին կայացած ցուցադրությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է The Verge ինտերնետ-հրատարակությունը, «Հրաշք-կինը-2» կինոնկարը դարձել է առաջին ֆիլմը, որի նկարահանումն իրականացվում է Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի կանոնների պահպանմամբ, որոնք մշակվել են կինոինդուստրիայի բնագավառում սեռական ոտնձգությունների դեմ պայքարելու համար:
2017 թվականի նոյեմբերին Գալ Գադոթը հայտարարել էր, որ չի խաղալու ֆիլմի երկրորդ մասում, եթե Warner Bros. կինոստուդիան, որը ֆրանշիզայի իրավունքների սեփականատերն է, չխզի պարտավորագիրը ռեժիսոր Բրեթ Ռեթների RatPac-Dune Entertainment պրոդյուսերական ընկերության հետ:
Նման վերջնագիրն իսրայելացի դերասանուհին ներկայացրել էր սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով, որոնք Ռեթներին ներկայացրել են վեց կանայք, այդ թվում՝ դերասանուհիներ Նատաշա Հենսթրիջը եւ Օլիվիա Մանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: