«Ինչ-որ նոր ալիք է բարձրացրել, անընդհատ Կարեն Սերոբիչով հետաքրքրվում են». Ռիմա Դեմիրճյան
«Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը խաղաղ ապրի, հաջողություն ունենան բոլորը, միասնական լինեն, և նման բաներ մեր կյանքում էլ չկատարվեն: Սա մեծ կորուստ էր, և ինչ-որ նոր ալիք է բարձրացրել, անընդհատ Կարեն Սերոբիչով հետաքրքրվում են»,- այսօր 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին՝ ՀՀ Ազգային ժողովի այգում տեղադրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողներին ասաց Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:
Ըստ նրա՝ Հոկտեմբերի 27-ի գործում արտաքին ուժերի մասնակցություն է եղել. «Ես փաստեր չունեմ, բայց համոզված եմ, որ և՛ այստեղ, և՛ այնտեղ ուժեր կային, որոնց Կարեն Սերոբիչը շատ խանգարեց»:
Ռ.Դեմիրճյանը նշեց, որ գործը պետք է վերաբացվի, նոր իշխանությունն էլ է այդ կարծիքին. «Բարդ գործ է, միջազգային հարաբերությունների առումով, և այլն, դուք չնայեք, որ հանցագործները նստած են, նրանք միայն քիլերներ են եղել, նրանց ոչ ոք չի բացատրել՝ ինչ են անում, խաղացել են նրանց բացասական հատկանիշների վրա: Նրանք բան չգիտեն, քիլերներ են»:
«Հասարակությանը հանգստացնել է պետք, 20 տարի մենք կախված վիճակում ենք»,- հավելեց Ռ.Դեմիրճյանը: