«Իշխանությունների էժան պոպուլիզմի արդյունքում ժողովուրդը սպասում է, թե լինելու է մեծ համաներում, սակայն դառը հիասթափություն է ապրելու». Փաստաբան
Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ իրականացվող համաներման նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 31-ին։
Առաջակվող համաներմամբ պատժից կազատվեն առավելագույնը 3 տարվա ազատազրկվածները, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարողները։ Առավելագույնը 5 կամ 10 տարով դատապարտվածները դուրս կգան կալանավայրերից, եթե կրած կլինեն պատժի համապատասխանաբար մեկ երրորդը կամ կեսը։ Անզգուշությամբ հանցագործություն կատարած և մինչև 5 տարով դատապարտվածները, անկախ պատժի կրման չափից, ազատ կարձակվեն համաներման մասին օրենքի ընդունումից հետո։
Կառավարության նախաձեռնած մարդասիրական ակտով կկարճվեն մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ հարուցված բոլոր այն քրեական գործերը, որոնց դեպքում նախատեսված է առավելագույնը՝ 3, անզգուշությամբ արված հանցագործությունների դեպքում՝ 5 տարվա պատիժ։
Բացի այդ, համաներմամբ կիսով չափ կկրճատվի մինչև 10 տարով ազատազրկված դատապարտյալների չկրած պատժաչափը։
«Առաջարկված նախագիծը բավականին պարզունակ է, իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանի օրոք կատարված համաներումից արտատպում է՝ որոշակի խմբագրական ուղղումներով: Ցավոք, մենք չունենք ոչ մի աննախադեպություն: Կա սովորական համաներման ակտ՝ էական թերություններով, որոնք այն իջեցնում ու դարձնում են ցածր մակարդակի՝ համեմատած նախկինների հետ: Համաներումը կիրառվում է հանցագործությունների համակցությամբ: Սա նշանակում է, որ անձը կարող է մեղադրվել 2-3 հանցանքի համար, բայց քանի որ առկա է համակցություն, ենթադրենք՝ այդ երեք արարքների գործը պետք է քննվի, ավարտվի: Հնարավոր է՝ դատարանը գումարումով ստանա պատիժ, որը կլինի, օրինակ՝ 3.5 տարի, անձը կդատապարտվի, կամ էլ պետական ռեսուրս է վատնվելու և վերջում կիրառվելու է համաներումը: Այսինքն, պետք է աշխատի նախաքննության մարմինը, դատարանը, վերջում համակցությամբ 3 տարով կդատապարտեն ու կկիրառեն համաներում: Ո՞ւմ էր պետք պետական ռեսուրսի այս անիմաստ վատնումը, ոչ ոքի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նրա փոխանցմամբ՝ համաներումը նաև տուժողի կամքից է կախված:
«Եթե տուժողն առարկում է, վեճ ունի մեղադրյալի հետ՝ հանցագործության հետևանքով պատճառված վնասի համար, վիճարկում է, ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ, ապա համաներման կիրառումն անհնար է դառնում: Անհասկանալի է, թե էլ ինչո՞ւ է այս ամենն արվում: Համաներումը կիրառվում է նաև նրա նկատմամբ, ով ունի մինչև երեք տարեկան երեխա: Իսկ ինչո՞վ է վատ չորս տարեկանը: Ոչ ոք չի մտածել, թե ինչո՞ւ է ժամանակին 3 տարեկանը հայտնվել համաներման ակտերում, և ինչո՞ւ է հիմա ավտոմատ կրկնվում: Կամ ասում են՝ 3 անչափահաս երեխա ունեցողներին կհամաներեն:
Կներեք, երկու անչափահաս երեխաներն էլ են սիրում իրենց ծնողին, որն ազատազրկման վայրում է: Չկա որևէ տրամաբանություն, միայն սիրողական, դիլետանտ մոտեցում է: Վերցրել են համաներման հին ակտերը, արտագրել, հարմարեցրել ու ամպագոռգոռ հայտարարությամբ՝ այն աննախադեպ անվանել: Իսկ նման հայտարարություն անողը պարզապես անտեղյակ է համաներման պատմությունից: Հիշենք թեկուզ 1953թ.Ստալինի մահվան հետ կապված համաներումը, որ անգամ համեմատելի չէ: Էլ չասեմ, որ հնում մեր թագավորները գահ բարձրանալուց բոլորին էլ բանտերից ազատ էին արձակում՝ անկախ հանցանքից: Նման կարգի էժան պոպուլիզմի արդյունքում ժողովրդը սպասում է, թե լինելու է մեծ համաներում, սակայն դառը հիասթափություն է ապրելու»,- նշեց փաստաբանը:
Տիգրան Աթանեսյանն ասաց՝ դեմ է, որ սա կիրառվի նաև ցմահ ազատազրկվածների դեպքում:
«Իհարկե, կան մարդիկ, որոնց 20 տարի անց կարելի է համարել արդեն ուղղված և ներում շնորհել, բայց համաներում ցմահ դատապարտյալների նկատմամբ՝ իմ կարծիքով՝ անընդունելի է: Այստեղ կա սոցիալական արդարության հարց: Չմոռանանք, որ ամեն մեկին վերագրվում է սարսափելի ծանր հանցանք: Հաճախ դա մի քանի հոգու մահ է: Կան մարդիկ, ովքեր անչափահասի են սպանել: Ես չեմ հավատում, որ երկու տարեկան երեխային սպանողը մարդ կդառնա: Ամեն դեպքը ենթակա է ուսումնասիրության, չեմ բացառում, որ հնարավոր է դատական սխալ»,- նկատեց փաստաբանը:
Անի Կարապետյան