«Եթե իմանամ անձամբ որևէ մեկն է կատարել, այնքան նամուս ու թասիբ ունեմ, որ իմ հաշվիները կմաքրեմ իր հետ». Արմեն Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին
«Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և կամք է դրսևորելու ապագայում, եթե ոչ իր օրոք, ապա չգիտեմ՝ երբ կարող ենք սպասել, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի և ինչ արդյունքի կհասնենք»,- այսօր ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքարի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործին։
Արմեն Սարգսյանը հավատում է, որ որ Նիկոլ Փաշինյանը կամք և ցանկություն ունի նման ոճիրները բացահայտելու համար. «Բազմաթիվ չբացահայտված այլ սպանություններ, որոնք տարօրինակ կերպով չբացահայտվեցին, օրինակ՝ մարդը ո՞նց կարող է կրակել իր սրտին, հետո՝ գլխին։ Նման չբացահայտված գործեր կան, սպասենք՝ տեսնենք»։
Հարցին՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուն ո՞վ է, նա այսպես պատասխանեց. «Անձամբ որևէ մեկին չեմ տեսնում, եթե իմանամ անձամբ որևէ մեկն է կատարել, այնքան նամուս ու թասիբ ունեմ, որ իմ հաշվիները կմաքրեմ իր հետ։ Կասկածներ կան, որ եղել են մարդիկ, որոնք կամ ուղղորդել են, կամ չեն ցանկացել ամբողջովին բացահայտվի, կամ նաև կա շահերի բախում։
Գուցե կա պետությունների շահերի բախում, որոնք կարող են թույլ չտալ, որ բացահայտվի Հոկտեմբերի 27-ը, որովհետև Հոկտեմբերի 27-ի զոհերի հետ մեր ժողովուրդը մեծ հույսեր ուներ, մեր հույսերը կարդարանային, եթե նրանք ողջ մնային։ Հայաստանը կլիներ հզոր, անկախ, ինքնիշխան, տարածաշրջանում ամենահզոր և ամենամեծ հարգանք վայելող երկիրն ամբողջ աշխարհի առաջ։ Շատերին ձեռք չէր տալիս, որ այս փոքր երկիրն ավելի հզոր դառնա։ Միգուցե այս տարբերակն էլ կա, բայց այս պահին ոչ ոքի չեմ դնում անձնական պատվիրատուի տեղը»։
Նրա խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի գործի լիարժեք բացահայտման համար պետք է լինի ազատ քննություն, որին չի խոչընդոտի որևէ մեկը։ «Հիմա քննվում է Մարտի 1-ը, և Մարտի 1-ին զուգահեռ կարող են բացահայտումներ լինել, պատասխաններ տրվել Հոկտեմբերի 27-ի փակված գործին, որն ապագայում պետք է նորից վերաբացվի և վերջնական լուծում տրվի»,-եզրափակեց Արմեն Սարգսյանը։