Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի
ՀՀ աշխատանքային օրենսգրքում դեռևս 2015թ. կատարված և 2017թ հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխության համաձայն` աշխատանքի ընդունվելիս գործատուին աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պահանջը դադարեցվեց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն օրենքի համաձայն` գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գրքույկները ծառայությունից հետ ստանալուց հետո գործատուն դրանք հանձնելու է աշխատողներին:
Շուրջ 550,000 աշխատողների աշխատանքային գրքույկներից ներկայումս թվայնացվել է (սկանավորվել է) ավելի քան 260,000 աշխատանքային գրքույկ:
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայացած նիստում Կառավարությունն հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով 1 տարով երկարաձգվեց աշխատանքային գրքույկները ծառայություն ներկայացնելու` գործատուի համար սահմանված ժամկետը: