«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թուղթ ու գրիչով 63-ից ավելի պատգամավոր ունի, ինչո՞ւ են սլաքներն ուղղում ՀՀԿ-ի դեմ». Էդուարդ Շարմազանով
«ՀՀԿ-ն իր կարծիքը հայտարարությամբ տարածել է և այդ կարծիքը բացառապես քաղաքական է, տրամաբանական է և փոփոխության ենթակա չէ, որովհետև ինչպես այս կամ այն ուժը իրավունք ունի իր ֆունդամենտալ կարծիք ունենալու, այնպես էլ մենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ ՀՀԿ-ն երկուշաբթի դեմ քվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին:
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ի այս տեսակ մոտեցումը կապված է կուսակցության՝ սկզբունքային լինելու հետ.
«Խնդրում եմ, սա չդիտարկել որպես «ինադու քայլ», քանի որ մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի փոխել Ընտրական օրենսգիրք։ ՀՀԿ-ն քաղաքական ուժ է և, ի տարբերություն տարբեր քաղաքական ուժերի, որոնք մինչեւ 12-ը մի բան են ասում, կեսօրից հետո մեկ այլ բան, երեկոյան լրիվ ուրիշ բան են անում, մենք ունենք սկզբունք»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում Շարմազանովը ներկայացրեց արտահերթ ընտրությունների անցկաման իրենց համար ընդունելի երկու տարբերակները՝ կամ փոփոխված Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալ մայիս-հունիսին, ինչպես ի սկզբանե հայտարարվել էր, կամ դեկտեմբերին ընտրություններ անցկացնել գործող Ընտրական օրենսգրքով։
Խոսելով «Ռեյտինգային» ընտրակարգի մասին՝ Է.Շարմազանովը նկատեց, որ «այն ավելի ժողովրդավարական է, հնարավորություն է տալիս տարածքներից մարդկանց ընդգրկել և կառավարել ուղիղ ժողովրդավարությամբ»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ նոր Ընտրական օրենսգիրքը ձեռնտու է հենց ՀՀԿ-ին, ինչի հետ, սակայն, համաձայն չէ ՀՀԿ խոսնակը.
«Եթե պարոն Փաշինյանը կարծում է, որ այս քաղաքական դաշտում, բացի Դաշնակցությունից, ավելի կայացած ուժեր կան, քան ՀՀԿ-ն, համամիտ չեմ։ Ավելին, եթե կարծում եք, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի 4-րդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար, մեզ համար մեր ծրագրերն ու գաղափարախոսությունը ավելի կարևոր են, քան 1 կամ 2 տոկոս ավելին ունենալ պառլամենտում»:
Այսուհանդերձ, նա հաստատեց, որ ճիշտ է համարում ՀՀԿ-ի մասնակցությունը արտահերթ ընտրություններին։
Խոսելով երկուշաբթի օրվա քվերակության մասին, Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ի ձայնը վճռորոշ չի լինելու. «ՀՀԿ-ի ձայնը վճռորոշ չի լինելու, այ հենց այստեղ է սկզբունքային տարբերությունը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թուղթ ու գրիչով, ինչպես Պեպոն կասեր՝ բարաթով, 63-ից ավելի պատգամավոր ունի, որոնք հայտարարել են, որ սատարում են վարչապետին, ինչո՞ւ են սլաքներն ուղղում ՀՀԿ-ի դեմ»,- եզրափակեց Է.Շարմազանովը։