Բաժիններ՝

«Որևէ գործունեության տեսակով զբաղվելը չի ենթադրում, որ հարկ վճարողը իրավունք ունի այն կազմակերպել ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով». ՊԵԿ պարզաբանումը

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել լրատվական որոշ կայքերում հրապարակված «Հարկային տեսչությունը հարձակվել է ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա» վերնագրով «ԷՏՏՈ ՔԻԴՍ» ՍՊԸ-ի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ.

Հայտարարությամբ նշված է. «Անհասկանալի է, թե ինչ են ուզում մեզանից, այդ ինչ ռիսկեր են տեսնում մեր վարած գործունեության մեջ, որ երկու տարվա ընթացքում բացում են մեզ վրա երրորդ ստուգումը»:

Հարկային գաղտնիքը պահպանելու նպատակով ընկերության կողմից ցույց տրվող իրացման շրջանառության, միջին օրական ֆիսկալային շրջանառության, գրանցված աշխատողների աշխատավարձերի չափերը չեն հրապարակվի, չնայած դրանց ներկայացումը ավելի ակնառու կդարձնեին ընկերության գործունեության ընթացքում առկա ռիսկերը: Ընկերության համաձայնության դեպքում կարող ենք հրապարակել նաև այդ ցուցանիշները: Միաժամանակ հարկ է նշել, որ ընկերությունում վերջին հարկային ստուգում տեղի է ունեցել դեռևս 2017 թվականի մարտ ամսին, որի արդյունքում ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվել:

Հայտարարությամբ նշված է. «Այն ժամանակ երբ ազգովի նստած, շունչներս պահած սպասում ենք, թե երբ պետք է ՊԵԿ աշխատակիցները հերոսաբար բացահայտեն մեր կոռումպացված պաշտոնյաների և նրանց ընկերությունների կողմից երկրից գողացված միլիարդները, այդ ժամանակ հարկային տեսուչները զբաղված են մանկական կենտրոններ ստուգելով…»

Հարկային մարմինը իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու նպատակով՝ հարկային ստուգումները նախաձեռնում է ռիսկերի կառավարման միջոցով ինչպես խոշոր, այնպես էլ փոքր հարկ վճարողների մոտ՝ անկախ գործունեության ոլորտից: Որևէ գործունեության տեսակով զբաղվելը չի ենթադրում, որ հարկ վճարողը իրավունք ունի այն կազմակերպել ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով:

Ավելին, որդեգրած քաղաքականության համաձայն՝ հարկային մարմինը փոքր համարվող հարկ վճարողներին նախքան հսկողական աշխատանք նախաձեռնելը ծանուցում կամ իրազեկում է ռիսկայնության վերաբերյալ, առաջարկում փոխել վարքագիծը և հսկողական աշխատանք նախաձեռնվում է այն դեպքում, երբ վարքագծի դրական փոփոխություն տեղի չի ունենում:

«ԷՏՏՈ ՔԻԴՍ» ՍՊԸ-ի դեպքում՝ 25.09.2018թ. էլեկտրոնային եղանակով տեղեկացվել է հարկային ռիսկերի առկայության և հորդորվել է ամբողջությամբ հայտարարագրել հարկման բազաները, մասնավորապես՝ իրական իրացման շրջանառությունը, աշխատողների իրական թվաքանակը, իրական աշխատավարձը, սակայն վերջինիս վարքագծում դրական փոփոխություններ չեն գրանցվել:

Ինչ վերաբերում է հայտարարությամբ նշված ստուգման ընթացքին վերաբերող կետերին, ապա հայտնում ենք, որ համաձայն ՀՀ ՊԵԿ ՓՀՎ ՀՏ վարչության պետի հանձնարարագրի՝ նույն վարչության ստուգումների թիվ 6 բաժնին հանձնարարվել է ընկերությունում իրականացնել հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում:

Ստուգող տեսուչների կողմից 17.10.2018թ-ին պատվիրվել է երեխայի ծննդյան տարեդարձի սեղան և ժամանցի ծառայություններ 22.10.2018թ. համար, որի արժեքը կազմել է 103000 դրամ և դրա դիմաց ընկերության կողմից պահանջվել է 20000 դրամ գումար կանխավճար:

Այնուհետև՝ 22.10.2018թ-ին, ստուգող տեսուչների կողմից ևս մեկ սեղան է պատվիրվել, որի դիմաց նույնպես վճարվել է 20000 դրամ գումար կանխավճար: Երկու դեպքում էլ ընկերության կողմից տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Ստուգող տեսուչների կողմից ներկայացվել է ստուգման հանձնարարագիրը ծանոթացման և կազմվել է ծառայությունների մատուցման կանխավճարի հետ ընդունման արձանագրություն միայն 22.10.2018թ. վճարված 20000 դրամի համար, քանի որ 17.10.2018թ-ին տրված 20000 դրամ կանխավճարը ընկերությունը հրաժարվել է հետ վերադարձնել:

Ընկերության տարածած հայտարարությամբ նշված այն կետը, որ իրենք արդեն իրականացրել են միջոցառման նախապատրաստական աշխատանքները (զարգացնող խաղեր, ուտեստներ, խմիչքներ, զարդարանք, փուչիկներ, խաղավար…) կարծում ենք հիմնավոր չէ, քանի որ ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվության համաձայն նույն օրը՝ 22.10.2018թ-ին, տեղի է ունեցել մանկական ծննդյան արարողություն:

Հայտարարության վերջին մասի վերաբերյալ՝ բաժնի պետի տեղակալի հետ հանդիպման է եկել ոմն Արտյոմ, որը ընկերությունում գրանցված աշխատող չի հանդիսանում և ներկայացել է որպես իրավաբան:

Ինչ վերաբերում է ընկերությանը պատճառված 103.000 ՀՀ դրամի վնասին, ապա հայտում ենք, որ համաձայն հարկային մարմնի տեղեկատվական բազայի տվյալների՝ 01.10.2018-22.10.2018թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության ձեռքբերումները մի քանի անգամ ավելի ցածր են, քան նշված գումարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս