Բաժիններ՝

EducationUSA կրթական ցուցահանդեսում ներկայացվեցին ամերիկյան բուհերի հնարավորությունները

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը հոկտեմբերի 25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր Education USA ամենամյա կրթական ցուցահանդեսը: Միջոցառման նպատակն էր՝ ստեղծել հարթակ՝ ձեռք բերելու առաջնային տեղեկատվություն ԱՄՆ-ում ուսանելու հնարավորությունների վերաբերյալ և շփվելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչների հետ, ովքեր այս տարի ներկայացնում էին ԱՄՆ Բոյս, Կալիֆոռնիա Լոնգ Բիչ, Միներվա, Վիսկոնսին, Սան Դիեգո, Հարավային Սիեթլ, Վալդոստայ, Ռայթ և Հայաստանի Ամերիկյան համալսարանները: EducationUSA կրթական ցուցահանդեսին իրենց ծրագրերն էին ներկայացնում նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը և հյուպատոսության բաժինը, Երևանի ամերիկյան անկյունը և Ամերիկյան խորհուրդները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, դպրոցականներ: ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոբ Անդերսոնը բացման խոսում նշեց.

«Բոլոր ուսանողներին ուզում եմ ասել՝ դուք շատ բախտավոր եք, քանի որ այստեղ մոտ 10 համալսարանի ներկայացուցիչ կա: Խորհուրդ եմ տալիս օգտվել այս հնարավորությունից: Բազմազան ինֆորմացիա կարող եք ստանալ, հարցնել կրթաթոշակների հնարավորությունների մասին, կապեր հաստատել ԱՄՆ համալսարանների ներկայացուցիչների հետ: Մենք ուզում ենք, որ դուք գնաք ԱՄՆ, սովորեք մեր համալսարաններում, այն շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների համար: Մեր երկիրը, մշակույթն ավելի լավ կհասկանաք, կտեսնեք, որ մեր ժողովուրդը ևս հյուրասեր է: Կլավանա նաև անգլերեն լեզվի իմացությունը»:

EducationUSA կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ Կրթության միջազգային ինստիտուտի կողմից հրապարակվող վիճակագրական տվյալների՝ ԱՄՆ-ում 2016-2017թթ. ակադեմիական տարում բակալավրիական, մագիստրոսական, հետբուհական պրակտիկայում և կարճաժամկետ ծրագրերում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը 280 է:

«Հիմա շատ մեծ պահանջարկ ունի բիզնես ոլորտն ու համակարգչային գիտությունները, վերջերս՝ նաև իրավագիտությունը: Տղաների դեպքում, քանի որ կա բանակի հարցը, ինչ-որ տարիքային խմբում աղջիկներն ավելի շատ են լինում»,- հայտնեց Շուշաննա Աբովյանը:
Հարցին՝ արդյո՞ք ուսանողները սովորելուց հետո վերադառնում են, Շուշաննա Աբովյանը պատասխանեց.

«Քանի որ կրթաթոշակային ծրագիր չէ, մենք իրավունք չունենք որևէ ձևով հետամուտ լինելու նրանց վերադառնալուն կամ չվերադառնալուն, բայց կապի մեջ ենք լինում, որովհետև, երբ ուղարկում ես, ցանկանում ես իմանալ, թե ի՞նչ հաջողությունների է հասել ուսանողը: Սակայն նշեմ, որ շատերը վերադառնում են, ոմանք էլ այլ համալսարան են դիմում, որպեսզի շարունակեն կրթությունը»:

168.amը ներկա ուսանողների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրեց, պարզվեց, որ նրանց հիմնականում հետաքրքրում է տուրիզմի, բիզնեսի, լեզվաբանության ոլորտը: Նախընտրում են ամերիկյան համալսարանները, քանի որ սիրում են անգլերենը, ցանկանում են ծանոթանալ մշակույթին:

Նշենք, որ միջոցառման ընթացքում համալսարաների ներկայացուցիչները ներկայացնում էին ամերիկյան համալսարանների միջազգային ընդունելության պայմաններն ու ժամկետները, դիմելու ընթացակարգը, ֆինանսական օժանդակության փաթեթները, համալսարանական և ուսանողական կայքերը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս