Բաժիններ՝

«Դատավորին ասացի՝ չեք կարող օբյեկտիվ քննել, քանի որ արդեն ունեք կանխակալ վերաբերմունք». Վերաքննիչը մերժեց Yerevan Today-ի փաստաբանի բողոքը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ դատական նիստ՝ Yerevan.today կայքի խուզարկության գործով։

Փաստաբան Արմեն Ֆեռոյանը նախքան նիստը լրագրողներին ասաց, որ լրատվամիջոցում խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտմամբ։

«Ակնկալում ենք, որ Վերաքննիչ դատարանն իր դատապարտող մոտեցումը կարտահայտի այս խնդրի վերաբերյալ, որովհետև կատարվել է օրենքի խախտում, առգրավվել են այնպիսի նյութեր ու տեղեկատվություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն քննվող քրեական գործով»,- նշեց փաստաբանը:

Նիստից հետո 168.am-ի հետ զրույցում Արմեն Ֆեռոյանը հայտնեց, որ Վերաքննիչը մերժեց իրենց առաջին բողոքը։

«Մենք ունեինք երեք բողոք: Առաջինը՝ Yerevan.today-ում, երկրորդը՝ ընկերության տնօրենի, երրորդն էլ՝ տնօրենի հարևանի բնակարաններում իրականացված խուզարկության մասով: Ամենաառաջինը դատարանը քննեց Yerevan.today-ում կատարված խուզարկության բողոքը և մեզ համար շատ զարմանալի կերպով եկավ այն եզրահանգման, որ պետք է մերժի այն: Հետո անցավ մյուս բողոքների քննարկմանը, որոնց փաստերը, ապացույցները նույնաբովանդակ էին: Երեք դեպքում էլ խուզարկությունը կատարվել է ոստիկանության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Ես դատավորին ասացի՝ չեք կարող օբյեկտիվ քննել, քանի որ արդեն ունեք կանխակալ վերաբերմունք՝ փաստական հանգամանքների նկատմամբ, ուստի ժամկետ է անհրաժեշտ՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Այդ հիմքով նիստը հետաձգվել է և տեղի կունենա հոկտեմբերի 27-ին»,- փոխանցեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու, այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել 6 տարբեր հասցեներում, այդ թվում՝ «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունում։

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս