
«Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը չի նպաստում հակամարտության կարգավորմանը». Ջոն Բոլթոն

«Ե՛վ Հայաստանին, և՛ Ադրբեջանին զենք վաճառելն ազդեցության մեծ լծակներ է տալիս Ռուսաստանին կողմերի նկատմամբ»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կողմերին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցին:
Ջոն Բոլթոնն ասաց, որ դեռևս որոշումը կայացված չէ:
«Այս պահին չեմ կարող կանխատեսել, թե հակամարտող կողմերին զենքի վաճառքն ավելացնելու հարցն ինչպիսին կլինի: Բայց իրավիճակն այսպիսին է` Հայաստանն իր զենքը ձեռք է բերում մեծամասամբ ՌԴ-ից, Ադրբեջանը զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից: Այդ հանգամանքը, անշուշտ, չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ դա ազդեցության մեծ լծակներ է տալիս Ռուսաստանին կողմերի նկատմամբ և խաղաղության չի հանգեցնում: Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ, մեր ռազմամթերքը ցանկացած պարագայում ավելի լավն է, քան ռուսականը: Այդ հնարավորությունը մենք պետք է քննության առնենք մեր օրենքների շրջանակում»,- ասաց Ջոն Բոլթոնը: