«ՊԵԿ-ը հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից». Դավիթ Անանյանը լրագրողներին է խորհուրդ տալիս հետաքննություն իրականացնել
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին խորհուրդ է տալիս հետաքննություն իրականացնել՝ պարզելու փաստաբանների եկամուտների իրական մեծությունները:
«Վերցրեք Դատալեքս բազան, հանեք, օրինակ, այն դատական ակտերը, որտեղ կան դատարանով փաստաբանական ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ դրույթներ: Այդպիսի դրույթները համեմատեք կոնկրետ փաստաբանական գրասենյակի կողմից հայտարարագրած եկամուտների հետ»,- ասաց նա:
Դ.Անանյանը նշեց, որ իրենց գործընկերներին տվել են ժամանակ, որպեսզի նրանք ինքնուրույն բացահայտեն այդ թերությունները և հայտարարագրման միջոցով ուղղակի ուղղեն իրենց սխալները:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց շրջանում անցկացված դիտարկումների առնչությամբ՝ հայտնելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները, և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն:
«ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից և առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց՝ նախկինում ներկայացված հաշվարկներում ոչ ճիշտ տվյալներ արտացոլած լինելու դեպքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ: Հորդորում է նաև չթաքցնել հարկվող շրջանառությունը` կնքվող պայմանագրերում ճշգրիտ արտացոլելով հոնորարի չափը, ճշգրիտ որոշել ծառայությունների մատուցման պահը և օրենքով սահմանված կարգով դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, չխուսափել հարկման հատուկ համակարգից ընդհանուր համակարգի անցնելուց, ինչպես նաև չտրոհել ձեռնարկատիրական գործունեությունը մի քանի սուբյեկտների միջև»,- ասված էր ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում