«Եթե Ռուսաստանին թողել են միայն երկու շանս, ապա Հայաստանի շանսերը շատ ավելի շատ են. Հայաստանի համար սա լրջագույն քննություն է». Ռուբեն Մեհրաբյան
«Բոլթոնը Երևան է եկել Բաքվից, որտեղ նրա արած առանցքային հայտարարություններից մեկն այն էր, որ որևէ նոր բան չի բերել Արցախի կարգավորման գործընթացի վերաբերյալ և չի եկել դասախոսություններ կարդալու։ Չեմ կարծում, թե Երևանում այդ իմաստով այլ բան կասի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը միանգամայն ազատ է զգում՝ ցանկացած տիպի սպառազինություն արտադրել և տեղակայել այնտեղ, որտեղ ցանկանում է. «Նաև վաշինգտոնյան բանավեճերում է բաց տեքստով ասվում, որ այս ամենն ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի դեմ։ Բոլոր պարամետրերով հետամնաց Ռուսաստանի ներկայիս միջազգային կարգավիճակը պայմանավորված է նրա հրթիռային ներուժով, այս քայլերը միտված են նրա ներուժը չեզոքացնելու։ Ռուսներին մնում է երկու տարբերակ՝ կապիտուլյացիա հիմա, կամ ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ, և կապիտուլյացիան ավելի ուշ լինի։ Կապիտուլյացիա ասելով՝ հասկանում եմ, որ ռուսները պետք է հրաժարվեն իրենց կայսերական նկրտումներից»։
Փորձագետը նշեց՝ Ռուսաստանը կարծում է, որ հետխորհրդային տարածքը պետք է լինի իր էքսկլյուզիվ ազդեցության գոտին. «Այսինքն՝ մենք։ Մեր կարծիքն իրենց չի հետաքրքրում։ Դա բերում է անախորժությունների։ Հայաստանի համար սա լրջագույն քննություն է և մարտահրավեր։ ԱՄՆ ներկայիս վարչակարգն այդքան զգայուն չէ արժեքային կատեգորիաների նկատմամբ, ինչպես Օբամայի վարչակարգն էր։
Այնպես որ, Հայաստանի համար դա լրջագույն քննություն է, և այս ընտրական գործընթացները մեզ համար պետք է լինեն ոչ թե պատճառ՝ մեր ուշադրությունը շեղելու այս գործընթացներից, որն ուղղակի պտտվում է Հայաստանի շուրջ և չի կարող մեզ իր մեջ չներքաշել։ Այդ իմաստով՝ եթե Ռուսաստանին թողել են միայն երկու շանս, ապա Հայաստանի շանսերը շատ ավելի շատ են»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։