«Հաջորդ շաբաթ ԱԺ-ում կընդունվի նոր Ընտրական օրենսգիրքը». Ռուբեն Մեհրաբյան
Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ում կընդունվի նոր Ընտրական օրենսգիրքը։
«Դատելով անցած իրադարձություններից՝ առաջիկա մեկ շաբաթը կանցնի անցնցում, հիմքեր ունեմ կարծելու, որ նոր ԸՕ-ն կընդունվի, և նոր ընտրությունները կանցնեն նոր ԸՕ-ով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փորձագետը։
Նրա խոսքով՝ նոր ԸՕ-ն լուրջ քայլ առաջ է՝ Հայաստանում ժողովրդավար կառավարման հաստատման համար. «Մենք տեսնում ենք թե՛ իշխանության, թե՛ մյուս քաղաքական ուժերի քաղաքական կամքը, որպեսզի ԸՕ-ով ամրագրվածը դառնա իրականություն, բացի դրանից՝ հանրության կողմից տեսնում ենք խիստ մերժողականություն այն հոռի երևույթների նկատմամբ, որոնք մինչ այդ եղել են, երբ քրեական հեղինակություններն էին կառավարում ընտրական գործընթացները, երբ կրիմինալն իշխանության վերարտադրման գործընթացում դարձել էր իշխանության հենարան»։
Իրավիճակը, ըստ նրա՝ էապես կհանգստանա, երբ օրենսդիր իշխանության մեջ էլ իշխանափոխություն լինի. «Ես համաձայն եմ այն գնահատականների հետ, որ հեղափոխություն է տեղի ունեցել, այն շարունակվում է, բայց իշխանափոխությունը մինչև վերջ չի ավարտվել, և կարծում եմ, որ նաև օրենսդիր իշխանության փոխանցումն էապես դուրս կբերի քաղաքական գործընթացները հեղափոխական տրամաբանությունից և կուղղվի դեպի պլանային աշխատանքի հուն։ Դրանով իսկ կունենանք նոր կառավարություն, որն օժտված կլինի հնգամյա մանդատով։ Դաշտ կբացվի պրոֆեսիոնալների ներգրավման համար՝ ավելի լայն ձևաչափերով»։
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ կտանի, իսկ երկրորդ տեղը, նրա խոսքով՝ կարող են զբաղեցնել «Լույս» դաշինքը կամ ԲՀԿ-ն. «Չորրորդ տեղի համար հավակնորդների շատ եմ տեսնում և ձեռնպահ կմնամ որևէ կոնկրետ քաղաքական ուժեր թվարկելուց»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում