Բաժիններ՝

Կառավարությունը լուծարում է «Աբովյան» ՔԿՀ-ում գործող հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը

«Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը և գույքը անհատույց կհանձնվի արդարադատության նախարարությանը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Ըստ նախագծի հիմնավորման, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 1997 թվականից գործում է Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը, որն իրականացնում էր անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցում:

«Պրոբացիոն ծառայության ներդրումից հետո՝ Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ դատապարտյալների մի մասը ստացել էր մեկից ավելի անվճար մասնագիտական կրթություն, ինչպես նաեւ խիստ կասկածելի էր կրթության որակը՝ հաշվի առնելով դասավանդող համապատասխան մասնագետների քանակը եւ նյութատեխնիկական բազայի ոչ բավարար լինելը:

Դեռևս 2016/2017 ուսումնական տարում նախարարության կողմից հարց բարձրացվեց այլեւս անվճար ուսուցմամբ տեղեր չհատկացնելու մասին, սակայն ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությամբ ուսումնարանին հատկացվեց միջնակարգ կրթությամբ անվճար ուսուցմամբ տեղեր»,- նշված է հիմնավորման մեջ:

Արդարադատության նախարարության հետ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկությունները և գնահատելով դատապարտյալների կրթական կարիքները, նպատակահարմար է գտնվել քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրեր իրականացնելու նախապատվություն տալ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որին տրվել են հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ:

2017/2018 ուսումնական տարում Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանին ընդունելության տեղեր չեն հատկացվել, և քանի որ ուսումնարանում մասնագիտական կրթություն իրականցվում էր միայն միջնակարգ կրթության հիմքով, հետևաբար ուսանողներ չկան:

Անվճար ուսուցմամբ տեղերի համար հատկացվող ֆինանսական միջոցներով հետագայում հնարավոր է դատապարտյալների եւ կալանավորների համար կազմակերպել կարճաժամկետ ուսուցման ծրագրեր, որը թույլ կտա նրանց կարճ ժամանակահատվածում ձեռք բերել համապատասխան գիտելիքներ և ծրագրերից կարող են օգտվել ավելի շատ դատապարտյալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս