
«Երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Համաներման մասին» օրենքի նախագիծը». Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, թեև հայտարարել էի, որ համաներման մասին օրենքը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն, առավել արագ արդյունքի հասնելու համար՝ գտնվեց այլ լուծում.
Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում, Ազգային ժողովում «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում կկայացվի: Այն կքննարկվի 24 ժամյա ռեժիմով: Նախքան այդ, հոկտեմբերի 26-ին նախագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Այսպիսով, երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի բոլորի կողմից այդքան սպասված «Համաներման մասին» օրենքի նախագիծը»: