«Ես խոստանում եմ ուղղվել». Նիկոլ Փաշինյանը՝ Դանիել Իոաննիսյանին
«Իմ տեղեկություններով՝ իրենք իրենց նախկին գործընկերների հետ աշխատել են, որ չգան քվեարկության»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկության օրը ՀՀԿ պատգամավորների բացակայություները:
Ըստ նրա՝ եթե իրենք հակաճնշման մեխանիզմները գործարկեն, պարզ է, թե ինչ կլինի, բայց իրենք որևէ մեկին ճնշել, դիկտատուրա հաստատել չեն ուզում. «Մենք էդ ամեն ինչը չենք ուզում, իրենք են անում»:
Փաշինյանը հայտարարեց, որ որևէ ճնշում չկա, այս ընթացքում այս խնդիրները լուծելու համար եղել է պայմանավորվածություն, ընդ որում՝ մի մասը կատարում է պայմանավորվածությունները, մի մասը՝ ոչ:
«Ես ուզում եմ անկեղծ լինել՝ գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը ձեռնտու է միայն իշխանություններին, այսինքն՝ մեզ: Այնպես չլինի, որ մենք հիմա ուզում ենք ԸՕ փոխել և այլն, մենք խնդիր չունենք: Էն հին համակարգը չի լինելու, էն մարդիկ, որ իրենց ձայն են բերում, էդ մարդիկ չեն առաջադրվելու, որովհետև հազիվ ազատագրվել են:
Ես, օրինակ, անկեղծ ասեմ ձեզ, վարչապետ ընտրվելուց հետո մի քանի հոգու հրավիրել եմ և ասել եմ՝ մի հատ բացատրեք՝ ձեր ինչի՞ն է պետք, որ դուք պատգամավորի թեկնածու առաջադրվեք, էդքան փող ծախսեք, հետո էդքան բացահայտումները, էդքան նեգատիվ կուտակելը ձեր ինչի՞ն է պետք, որովհետև ես լուրջ ուզում եմ ձեր մոտիվացիան հասկանամ, դա կարևոր խնդիր է:
Եվ մի քանի հոգի շատ անկեղծ ասել են՝ մեր ինչին է պետք, մեզ ասել են՝ պետք է այսքան ձայն ապահովեք, գնացեք ստեղ առաջադրվեք, էսքան էլ փող պիտի ծախսեք, ոնց ուզում եք էդ ձայները ապահովեք: Հիմա էդ նույն մարդկանց ոչ մեկ չի ասելու՝ գնացեք ձայն ապահովեք: Ո՞ւմ հաշվին են ձայն ապահովելու»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ անարդար ընտրություններ կազմակերպելու շանս չկա:
«Ես համոզված եմ, որ մեր իշխանության օրոք ընտրություն չի կեղծվելու: Ինձ չի հետաքրքրում՝ ով է հաղթելու, հաղթելու է ժողովուրդը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ինքը ձև չի անում և երբ պարտվեն, «սուս ու փուս» կգնան տուն:
Հարցին՝ մեկ շաբաթ անց նորից առաջադրվելո՞ւ եք, Փաշինյանը պատասխանեց. «Կտեսնենք»:
Դիտարկմանը, որ Դանիել Իոաննիսյանը ԸՕ-ն մեղադրանք է հնչեցրել ձեր հասցեին, Ն.Փաշինյանը արձագանքեց. «Ես խոստանում եմ ուղղվել»: