«Պուտինն անձամբ է հրահանգել այնպես անել, որ Հայաստանի բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կառավարությունում գազի հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր ձեռք բերած պայմանավորվածությունների հետ. «Երբ նրան ասացի, որ գազն այս գնով է մտնում մեր երկիր և սպառողին հասնում է այսինչ գնով, ՌԴ նախագահը զարմացավ։ Նա հիշեց իր անձնական նախաձեռնությունը, երբ Գյումրի էր այցելել, ու հանդիպում էր եղել, և ասաց, որ մարդկանց հագուկապից զգացել է, որ սոցիալական վիճակն այդքան էլ լավ չէ, անձամբ է հրահանգել այնպես անել, որ բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական։ Մենք պայմանավորվել ենք, որ իսկապես հասկանանք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում»։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում բոլոր գործարարներն իրենց պետք է ազատագրված զգան։

«Հայաստանում զարմանալի ավանդույթ կա. մեկն ուզում է իր մեքենան վաճառել, գալիս-վարչապետին հարցնում է՝ կլինի՞ մեքենաս վաճառեմ, թե՞ չէ։ Երբ ասում ես՝ քո մեքենան է, ուզում ես՝ վաճառի, ուզում ես՝ ոչ, հաջորդ պահին ասում է՝ սա էլ է ուզում, սա էլ, սա էլ, ո՞ւմ վաճառեմ։ Մեքենան պայմանական եմ ասում, բաժնետոմսերի մասին է ավելի շատ խոսքը։ Հասկանո՞ւմ եք՝ նման ավանդույթներ կան, և ժամանակ է հարկավոր, որ դրանք լուծվեն։ Բիզնես էլիտան չպետք է քաղաքականության վրա անառողջ ազդեցություններ ունենա»,- ասաց վարչապետի թեկնածուն։

Տեսանյութեր

Լրահոս