«Խորհրդարանում ՀՀԿ-ականներ կլինեն». Գալուստ Սահակյան
ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ նկատելով, որ ինչ նախապես ասել են, անելու են:
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Գ.Սահակյանը նշեց, որ իրենք կողմնակից են լիարժեք համամասնականին, բայց նախագիծը պետք է քննարկվի, մինչդեռ ՀՀԿ-ի ու մյուս քաղաքական ուժերի առաջարկությունները, որ պետք է տեղ գտնեին ԸՕ-ում, չեն ընդունվել:
Գ.Սահակյանը վստահեցրեց, որ եթե նույնիսկ ՀՀԿ-ն ձայն ստանալու շանս չունենա, միևնույն է՝ ՀՀԿ-ն երկրի ամենակարևորագույն քաղաքական ուժն է մնալու, և պետք է մասնակցի դեկտեմբերին կայանալիք ընտրություններին.
«Խորհրդարանում ՀՀԿ-ականներ կլինեն: Մեծամասնություն, կարծում եմ, որ չենք լինի, համենայն դեպս ինչ-որ քանակ կունենանք մենք, և եթե նույնիսկ չունենանք, միևնույն է, կրկնում եմ, ՀՀԿ-ն կլինի երկրի ամենաամուր քաղաքական ուժը»:
Հարցին՝ ինքը կլինի՞ ՀՀԿ ցուցակում, Գ.Սահակյանը պատասխանեց, որ ինքը պիտի որոշի՝ կլինի՞, թե՞ ոչ, հետո կուսակցությունը. «Ես ամբողջ հանրապետությունից շատ ձայներ կստանամ, բայց պետք է մտածեմ՝ կդնե՞մ, թե՞ չեմ դնի»: