«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր». Նիկոլ Փաշինյան

«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր։ Մենք երաշխավորում ենք, որ բոլոր գործարարները կունենան նույն հնարավորությունները, պատգամավորի կարգավիճակը ոչինչ չի ավելացնի կամ պակասեցնի»,- այսօր խորհրդարանում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ վարչապետի քաղաքական կամքը պետք է շարունակություն ունենա նաև Հարկային, Մաքսային օրենսգրքերը «ջարդելու» մասով, որ հնարավոր լինի խոսել ազատ մրցակցության մասին։

Վարչապետը նշեց, որ կան գործարարներ, որոնք ապացուցում են, որ հնարավոր չէ Հարկային օրենսգրքով օրինական դաշտում աշխատել. «Որոշ դեպքերում իսկապես ճիշտ են ասում։ Հարկային օրենսգիրքը մեր օրակարգում է, բայց չունենք հնարավորություն, որովհետև քաղաքական կուլմինացիան անընդհատ այնտեղ է, որ մարդկանց ուրիշ հարցեր չեն հետաքրքրում։ Մարդկանց հետաքրքրում է՝ հեղափոխությո՞ւն է, թե՞ հակահեղափոխություն է։ Մենք ուզում ենք այս ընտրություններում, այդ թվում՝ Հարկային օրենսգրքի համար, մանդատ ստանալ մարդկանցից»։

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչ հարկային քաղաքականություն է վարելու նոր կառավարությունը։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ կառավարության նպատակը աշխատանքը խրախուսող հարկային քաղաքականություն վարելն է. «Եթե մենք ուզում ենք այնպես անել, որ 80 հազար դրամը համարվի մեծ աշխատավարձ, այդ խնդիրը որևէ կերպ չենք կարող լուծել։

Եթե 100 հազար դրամը չհարկենք, դա ևս չի կարող լինել բարձր աշխատավարձ, հետևաբար, մեր հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խրախուսենք բարձր աշխատավարձը։ Հարկային օրենսդրությունն այսօր այդպիսին չէ, ինչը ստիպում է գործատուներին եկամուտը ձևակերպել՝ որպես շահութահարկ, շատ դեպքերում՝ հանել դա շահույթի տեսքով, ծրարով տալ՝ որպես աշխատավարձ՝ հարկային դաշտից խուսափելու համար։ Այս առումով՝ մենք եկել ենք այն համոզման, որ ճիշտը համահարթ եկամտահարկ ունենալն է»։

Տեսանյութեր

Լրահոս