Նիկոլ Փաշինյանի կոչը ՀՀ քաղաքացիներին
«Ընդունում եմ, որ կառավարությունն անթերի չէ և սխալներ գործում է ու գործելու է, ինչպես Հայաստանում սրանից հետո գոյություն ունեցող բոլոր կառավարությունները։ Ասում են՝ խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա, հիմարները սովորում են իրենց սխալների վրա, բայց այդ ասացվածքը կապ չունի իրականության հետ, որովհետև ուրիշի սխալների վրա սովորելն անհնար է»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ուրիշի սխալների վրա սովորելու համար պետք է լինել բացարձակապես նույն իրավիճակում, իսկ դա երբեք չի լինում։
«Ես չեմ կարող ասել՝ մենք անթերի ենք։ Բայց այն, ինչ մենք ուզում ենք անել, և այն, ինչ արել ենք, աննախադեպ է։ Նույնիսկ ձեր նշած իդեալական կադրերին էլ մինչև վերջ պարզ չեն լինելու այն պարամետրերը, ինչ մենք ուզում ենք անել, որովհետև մեր արածի նույնիսկ տեսությունն ամբողջական չէ։ Ո՞ր երկրի նման ենք ուզում լինի նոր Հայաստանը։ Ես ուզում եմ, որ Հայաստանը լինի այնպես, ինչպես Հայաստանը։ Ինչո՞ւ պետք է Հայաստանում որևէ երկրի օրինակը քննարկենք, թող ուրիշ երկրները Հայաստանի օրինակը քննարկեն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի թեկնածուն միանշանակ մերժում է այն տրամաբանությունը, երբ ասում են՝ «պոլի փետ» լինի, բայց մերը լինի. «Կան մարդիկ, ովքեր, թվում է, թե ազնվության չափանիշերին համապատասխանում են, բայց երկու ամսվա ընթացքում այդ մարդիկ քանդվել են։ Սա շատ մեծ ցավ է։ ՀՀ բոլոր քաղաքացիներին ուզում եմ կոչ անել՝ կաշառք պահանջելու, յուրացման ձեզ հայտնի բոլոր դեպքերի մասին՝ առանց բացառության, հայտնել իրավապահ մարմիններին։ Եթե իրավապահ մարմինները սահմանված ժամկետներում չեն արձագանքում, դիմեք մամուլին, հրապարակայնացրեք այդ փաստը։ Այն իրավապահ մարմինը, որ ընթացք չի տվել, կպատժվի»։