«Ես լիազորված եմ բանակցել ՀՀ-ի անունից, ես լիազորված չեմ բանակցել Արցախի և նրա ժողովրդի անունից». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը Արցախի հարցը լուծի՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի՝ Արցախի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Արցախի հարցի վերաբերյալ բանակցային սեղանի շուրջ եղած քննարկումները, ըստ նրա՝ էական չեն. «20 տարի որ քննարկվել է, ի՞նչ է եղել։ Արցախի հարցի վերաբերյալ թաքուն լուծում չի կարող լինել։ Ինքս բազմիցս հայտարարել եմ, որ, եթե բանակցային գործընթացում ձևավորվի այնպիսի տարբերակ, որն անձամբ կհամարեմ մի տարբերակ, որն արժե ներկայացնել ժողովրդի քննարկմանը ու նրա կարծիքը հարցնել այդ տարբերակի մասին, բնականաբար, առաջին գործողությունը դա է լինելու։ Բացառվում է Արցախի հարցի որևէ թաքուն լուծում»։
Վարչապետի թեկնածուն ընդգծեց՝ քանի դեռ Արցախի իշխանությունները ներգրավված չեն բուն պրոցեսում, հարցի կարգավորմանը մոտ չենք. «Իմ խոսքերը նենգափոխում են, ասում են, թե ասել եմ՝ մինչև Ղարաբաղի իշխանությունը չլինի բանակցային սեղանի շուրջ, ես ոչ մի բանակցության չեմ մասնակցի։ Ես նման բան չեմ ասել, այլ ասել եմ, որ լիազորված եմ բանակցել ՀՀ-ի անունից, ես լիազորված չեմ բանակցել Ղարաբաղի և նրա ժողովրդի անունից՝ շատ պարզ պատճառով, որովհետև Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում ՀՀ-ում իշխանության ձևավորմանը, ունի իր սեփական կառավարությունը, իր սեփական իշխանությունը։ Բայց դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես չպետք է բանակցենք։ Առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման՝ ես չեմ պատկերացնում հարցի կարգավորում»։