Բաժիններ՝

Կուտակային համակարգի մասնակիցը կարող է փոխել ընտրված կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին

Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ցանկացած ժամանակ փոխել ավտոմատ համակարգի կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդը/կառավարչին և իր կուտակային հատկացումները ուղղել  իր նախընտրած ֆոնդ:

Այս փոփոխությունը մասնակիցը կարող է կատարել առցանց՝ www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի միջոցով՝  նույնականացման քարտի և քարտը կարդացող սարքի միջոցով, կամ հաշվի օպերատորների միջոցով՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ:  Երկու դեպքում էլ անհրաժեշտ է ներկայացնել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում»:

Հաշվի օպերատորներն են` Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը: Դիմումը կարելի է ներկայացնել մոտակա մասնաճյուղում:

Միևնույն կառավարչի առաջարկած ֆոնդերի միջև փոփոխություն կատարելը անվճար է, իսկ եթե մասնակիցը ցանկանում է մեկ կառավարչի մոտ կուտակված իր գումարը տեղափոխել այլ կառավարչի մոտ, ապա այս գործարքը անվճար է տարվա մեջ մեկ անգամ: Մեկ տարվա ընթացքում նույն գործարքը երկրորդ և ավելի անգամ կատարելու դեպքում մասնակցից կգանձվի որոշակի վճար` փայերի մարման և տեղափոխման հետ կապված վարչական ծախսերի չափով:

«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմումը» մասնակիցների ռեեստը վարողին ներկայացնելու պահից սկսած՝ մասնակցի կուտակային հատկացումներն ուղղվում են նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդ:

Ինչով են տարբերվում կառավարիչների առաջարկած կենսաթոշակային ֆոնդերը և ինչ ֆոնդ ընտրել կուտակային համակարգի մասնակցին, մանրամասն` հոլովակում:

Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին կամ նամակ ուղղելով այս էջի միջոցով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս