Բաժիններ՝

CNN-ը iPhone XR սմարթֆոնը համարել է Apple-ի «գաղտնի զենքը»

CNN հեռուստաընկերությունը բարձր է գնահատել Apple-ի iPhone XR նոր սմարթֆոնը՝ այն համարելով կորպորացիայի «գաղտնի զենքը», որը կարող է նկատելիորեն ավելացնել դրա վաճառքները։

Ինչպես ասված է նոր սմարթֆոնին վերաբերող տեղեկագրում, որը վաճառքի կստացվի հոկտեմբերի 26-ին, iPhone XR-ը սեպտեմբերին դրա ազդարարման արդյունքներով մամուլի ու փորձագետների շատ ավելի մեծ ուշադրությանն է արժանացել, քան iPhone XS եւ iPhone XS Max առաջատար մոդելները: iPhone XR-ը իրենից ներկայացնում է սմարթֆոնի ավելի բյուջետային տարբերակը՝ առանձնանալով իր գնով. այն 250 դոլարով ավելի էժան է iPhone XS-ից եւ 350 դոլարով պակաս է, քան iPhone XS Max-ը:

Ինչպես գրում է CNN-ը, iPhone XR-ը իր բնութագրերով մեծապես համընկնում է ավագ մոդելների հետ: Այն նույնպես հանդերձված է A12 Bionic նորագույն պրոցեսորով, նույնպիսի 12-մեգապիկսելանոց ֆրոնտալ խցիկով եւ օգտատիրոջ դեմքի սքանավորման օգնությամբ ապարատի ապաարգելափակման Face ID գործառույթով: Հանգուցային տարբերություններից մեկը էկրանն է, iPhone XR-ի էկրանը կազմում է 6,1 դյույմ, ինչը 0,4 դյույմով պակաս է, քան ֆլագմանական iPhone XS Max-ի դիսփլեյի չափը:

Բացի այդ, XR մոդելի էկրանը պատրաստված է LCD ավելի էժան տեխնոլոգիայով, այլ ոչ թե OLED-ով: Այդ պատճառով դիսփլեյի լուծաչափն ու հստակությունը փոքր-ինչ պակաս է, ինչը թույլ չի տալիս տեսանյութը դիտել Full HD ձեւաչափով, սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, բազմաթիվ գնորդների համար նման հնարավորության բացակայությունը բնավ նշանակություն չունի:

Նաեւ iPhone XR-ը զրկված է 3D Touch գործառույթից, որի շնորհիվ էկրանն արձագանքում է հպման ուժին: Սակայն դա նույնպես չպետք է խոչընդոտ դառնա: CNN-ի տեղեկությունների համաձայն, այդ առանձնահատկությունից օգտվում է գնորդների միայն փոքր մասը: Այսպիսով՝ Apple-ը, տնտեսելով առանձին գործառույթների եւ այն նյութի հաշվին, որից պատրաստված է կորպուսը, շուկա է հանում ավելի էժան սմարթֆոն, որը նախատեսված է առաջին հերթին նախորդ մոդելների, ներառյալ iPhone 8-ի տերերի համար, որոնք մինչ այժմ չեն նորացրել իրենց սարքերը եւ չեն ցանկանում փող ծախսել ֆլագմանական տարբերակների վրա, գրում է CNN-ը:

Բացի այդ, գնից բացի, iPhone XR ձեռք բերելու օգտին շատերի համար փաստարկ կդառնա մարտկոցի տարողունակությունը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, կրտսեր մոդելի մարտկոցի լիցքի տեւողությունը երկու-երեք ժամ ավելի է, քան ավելի թանկ iPhone XS-ինը եւ iPhone XS Max-ինը: iPhone XR-ը ԱՄՆ-ում եւ բազմաթիվ այլ երկրներում վաճառքի է հանվելու հոկտեմբերի 26-ին: ԱՄՆ-ում սարքի գինն սկսվելու է 749 դոլարից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս