«Հարգելի հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում». Նիկոլ Փաշինյան

«Հարգելի հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում։ Այդ հին Ընտրական օրենսգիրքը պահելով՝ դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ԸՕ-ն ուզում էին փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնեն. «Ընտրությունները լինելու են, և սև ու սպիտակի տրամաբանության մեջ դուք զրո ձայն եք ստանալու։ Ի վերջո, այս ռևանշիստական բաները թողեք, որովհետև դա ձեզ միայն վնասում է։ Դուք նույնիսկ չեք ուզում ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանել։ Հին ԸՕ-ով դուք ընդհանրապես չեք անցնելու, ձեր միակ շանսը փոփոխված ԸՕ-ն է։ Դուք եք չէ՞ անընդհատ ասում՝ այս մթնոլորտը պետք է փոխենք։ Դուք եք այդ բարիկադները կառուցել»։

Փաշինյանի խոսքով՝ իրենք հավաստի ինֆորմացիա են ստացել, որ ինչ-որ մարդիկ ակտիվ բանակցում են, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել և այդ հարցով քվեարկություն չի եղել, դա չի կարող ԱԺ-ն լուծարելու հիմք դառնալ.

«Այս որոշումը կարող էր շատ արագ ընդունվել, ամբողջ արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը դրվեր կասկածի տակ, պրոցեսը մտներ փակուղի։ Իմ առաջադրվելու ամբողջ իմաստն այն է, որ այսօր տեղի ունենա քվեարկություն, որին չմասնակցեք կամ մասնակցելիս կողմ չքվեարկեք կամ դեմ քվեարկեք, որպեսզի այս հարցը փակվի։ Պարոնայք, վերջ տվեք ձեր դավադիր կեցվածքին և պահվածքին»։

Տեսանյութեր

Լրահոս