«Կոչ եմ անում հոգեբանորեն պատրաստվել. հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչն առաջիկայում կիմանաք». Նիկոլ Փաշինյան
«Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը մինչև վերջ բացահայտվելու է»,- այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մարտի 1-ի գործը բացահայտվելու է մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է։ Ես ուղղակի կոչ եմ անում՝ հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը, ես համոզված եմ, առաջիկայում կիմանաք»,- հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց, որ այսօր հարցնում են, թե ինչու նոր բացահայտումներ չկան. «Դա ունի կոնկրետ պատճառներ։ Այսօր Հայաստանում բոլոր քննչական մարմինների, քննիչների ծանրաբեռնվածությունը կրկնակի ավելացել է։ Դատարանները հաճախ կիրառում են գրավ և մարդկանց կալանքից ազատ են արձակում։ Մեկնաբանություններ կան, որ մի կողմից իբր բռնում ենք, հետո պայմանավորվում ու բաց ենք թողնում։ Ես ազնվորեն ուզում եմ ասել, որ ես որևէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ որովհետև ես պարտավորվել եմ հանրության առաջ»։
Մանրամասները՝ տեսանյութում