«Ես այս ընթացքում անտանելի հիասթափություն և սթրեսներ եմ ապրել». Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ կարող թույլ տալ, որ մեր որոշումների հետ կապված որևէ սխալ մեկնաբանություն լինի՝ մեր մոտիվացիաների առումով»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա հստակեցրեց, թե ովքեր կարող են նոր իշխանությունների ժամանակ պաշտոններ զբաղեցնել. «Մասնավորապես, եթե մենք չենք բացառում, որ ՀՀԿ-ն ներկայացրած անձինք կարող են համագործակցել մեզ հետ, հարց է առաջանում, թե ո՞րն է սահմանը։ Առաջին՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինել-չլինելը։ Կոռուպցիայի մեջ թաթախված որևէ պաշտոնյա չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին զբաղեցնել պաշտոն։ Երկրորդ՝ արյան հետ առնչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ։

Երրորդ՝ կառավարման մեջ անարդյունավետ եղած պաշտոնյաները նույնպես տեղ չունեն։ Խոսքը նոր պաշտոնյաներին էլ է վերաբերում։ Ես այս ընթացքում անտանելի հիասթափություն և սթրեսներ եմ ապրել, երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, մի քանի շաբաթվա մեջ քանդուքար են եղել։ Ես չեմ կարող այս մասին չասել, որովհետև դա անազնիվ կլինի։ Այս համատեքստում ինձ համար տարբերություն չկա, եթե խոսքը լինի անձամբ իմ մասին»։

Փաշինյանն  ընդգծեց՝ որևէ ազգակցական, ընտանեկան կապ չեն կարող բարձր գնահատել, քան այն արժեքները, որ ստեղծել են, դա ըստ նրա՝ կլինի դավաճանություն. «Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տարբեր առիթով մեզ քննադատում են, ասում եմ՝ ձեր յուրաքանչյուր քննադատություն շատ ուղիղ ընկալվում, վերլուծվում է, հետևություններ են արվում։

Բայց նույնիսկ այդ պարագայում չենք կիարծում, որ պետք է լինենք այնպիսի կառավարություն, որին ընդհանրապես չպետք է քննադատեն։ Ես ողջունում եմ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, այն լրատվամիջոցներին, ովքեր խոշորացույցի տակ են առնում բոլոր պաշտոնյաների կյանքը, ունեցվածքը»։

Տեսանյութեր

Լրահոս