«Դեկտեմբերին կայանալու են արտահերթ ընտրություններ, որտեղ ժողովուրդը հաղթելու է». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունն ամեն ինչ անում է սաբոտաժի քաղաքականություն վարելու համար: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների փաթեթի քվեարկությանը:

«Տապալվեցին Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները: Հարկ եմ համարում ասել, որ այդ փոփոխություններն ուղղված էին Ընտրական օրենսգիրքն ավելի ժողովրդավարական, պարզ, հասկանալի դարձնելուն: Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, առանց դրանց չենք կարողանա որևէ քայլ անել: Խորհրդարանական մեծամասնությունն ու նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն վարելու համար: Վերջին օրերին դա ակնհայտ երևաց: Նրանք հույս ունեն, որ այս ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով, ապա դա բան չի փոխում, որովհետև ժողովրդի հաղթանակը անխուսափելի է:

«Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին պատրաստվել արտահերթ ընտրություններին՝ իշխանափոխությունը, հեղափոխություն իր հանգրվանին հասցնելու համար: Ինչ օրենսգրքով էլ անցնեն ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, ռևանշ չի լինելու: Հայաստանում շարունակվելու է պայքարը կոռուպցիայի դեմ, հանուն ազգային միասնության: Հեղափոխությունը շարունակվում է, այն հասնելու է իր հանգրվանին: Դեկտեմբերին կայանալու են արտահերթ ընտրությունները, որտեղ ժողովուրդը հաղթելու է: Խորհրդարանում քվեարկությունը ցույց տվեց, որ կառավարությունն աշխատում է սաբոտաժի մթնոլորտում, սաբոտաժը վերջնական հանգրվանի չի հասնի, վերջնական հանգրվանի կհասնի ժողովրդի հաղթանակը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031