Ըստ Փաշինյանի՝ ընդհակառակը, հեղափոխական հեղափոխության էյֆորիան էլ ավելի է մեծացել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկվա ՏԻՄ ընտրություններից հետո այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով շնորհավորեց ընտրությունների արդյունքում հաղթող թեկնածուներին։ Ն. Փաշինյանը խոսեց ոչ միայն ՏԻՄ, այլ առաջիկա խորհրդարանական ընտրություններից։
«Ուզում եմ շնորհավորել ընտրված քաղաքապետներ Գևորգ Փարսյանին, Դիանա Գասպարյանին, Սևակ Միքայելյանին, քաղաքապետերին նշեցի, հույս ունեմ՝ գյուղապետերը չեն նեղանում։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս, ՀՀ-ում առաջին անգամ կին քաղաքապետ է ընտրվել, սա մեր հեղափոխության պատմական արդյունքն է։
Գիտեք, որ Կապանում ես այլ թեկնածուի էի պաշտպանում, սակայն այլ թեկնածու հաղթեց, և հիմա շատ կարևոր է, որ այս փաստի վերլուծությունն ու գնահատականը ճիշտ տանք։ Սա աննախադեպ երևույթ է, աննախադեպ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է որևէ մեկ թեկնածուի, որը չի հաղթում ընտրություններում։
Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է Երրորդ Հանրապետության պատմության մեջ։ Անկեղծ՝ շատ էի ուզում, որ Կապանի քաղաքապետ ընտրվի Նարեկ Բաբայանը, ով Սյունիքի փոխմարզպետն է։ Որովհետև գիտեմ, համոզված եմ, որ պարոն Բաբայանը շատ տաղանդավոր մարդ է, և Հայաստանի քաղաքական կյանքում մենք նրա մասին դեռ կլսենք։ Ես շատ կարևոր եմ համարում այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել քաղաքացիների որոշում, և իշխանությունը կես քայլ չի ձեռնարկել, փորձ անգամ չի արել քաղաքացիների ընտրությունն իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար։ Ժողովուրդ ջան, մենք սրա համար ենք հեղափոխություն արել, և այս հեղափոխությունը հաղթել է, և դուք եք հաղթել։
Այսօր վերլուծություններ են անում ու ասում՝ տեսեք, թե հեղափոխության էյֆորիան նվազեց… Իսկ ինչի՞ց է դա երևում, ընդհակառակը, հեղափոխական հեղափոխության էյֆորիան ավելի մեծացավ, որովհետև հեղափոխական էյֆորիայի իմաստն այն չէ, որ ես դարձել եմ ՀՀ վարչապետ։ Վարչապետ ընտրվելուց հետո եկել եմ Հանրապետության հրապարակ և հայտարարել եմ, որ, սիրելի ժողովուրդ, սիրելի ժողովուրդ, դուք հաղթեցիք, բայց հաղթանակի իմաստն այն չէ, որ ես դարձել եմ վարչապետ, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ, սա է հեղափոխության իմաստը։ Ձեր հաղթանակն այն է, որ դուք որոշեք, թե ով լինի Կապանի, Հրազդանի կամ Էջմիածնի քաղաքապետ։ Եվ սա հեղափոխության էյֆորիան ոչ միայն չի նվազեցրել, այլև ընդհակառակը՝ կրկնապատկել է, որովհետև մենք ցույց ենք տվել, որ չենք չափազանցում։ Ահա և ձեզ
Կապանի քաղաքապետի ընտրությունների հիմնական իմաստը։
Ի դեպ, ասեմ, որ մեր կուսակցության պաշտպանած թեկնածուներից երկուսն այս ընտրություններում չեն հաղթել։ Այսինքն՝ 15 վայրերում մենք կամ թեկնածու ենք առաջադրել, կամ պաշտպանել որևէ թեկնածուի, նրանցից երկուսը չեն հաղթել։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե պարզվեր, որ ընտրություններում ոչ մեկը չի հաղթել. ոչինչ։ Նկատի ունեմ, որ մեր գործողությունները որևէ բանով չէին փոխվի, որովհետև հեղափոխության նպատակն այն չի եղել, որ մենք կամ ես ունենանք իշխանություն, այլ նպատակը եղել է այն, որ դուք ունենաք իշխանություն, և դուք եք իշխանություն, դուք եք ամեն ինչ որոշում։ Մեր ամբողջ խնդիրն այն է, որ դուք որոշում կայացնեք ընտրությունների շրջանում, ընտրությունների միջոցով։ Որպեսզի ստիպված չլինեք ամեն անգամ դուք գաք փողոց և փողոց փակեք, որովհետև ընտրություններում ձեր կամքը չեք կարող արտահայտել։ Եթե որևէ ընտրությունում դուք որոշեք, որ ես չլինեմ վարչապետ՝ չեմ լինի։
Նախկինում իմ քաղաքական գործունեության ընթացքում բազմիցս ասել եմ, այս ընթացքում էլ կրկնել եմ՝ եթե մենք ժողովրդի կամարտահայտմամբ, ցանկալի է՝ թափանցիկ, ազատ, արդար ընտրություններով հասնենք իշխանափոխության և երկրում հաստատենք օրինականություն, արդարություն, տնտեսական լրջագույն հաջողությունների հասնենք, երկրում փոխենք ամբողջ իրավիճակը, ես չեմ համարի, որ մենք կատարել ենք մեր քաղաքական ամենամեծ առաքելությունը։ Մեր քաղաքական ամենամեծ առաքելությունը իրականացված կհամարեմ այն ժամանակ և այսօր էլ դա հաստաում եմ, որ, ինչպես մենք ժողովրդի կամարտահայտման կամ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով հասել ենք իշխանության, այնպես էլ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով հեռանանք իշխանությունից։ Սա էր մեր ամենամեծ քաղաքական առաքելությունը։ Ուզում եմ, որ այս փաստն արձանագրենք»։
Հունան Պողոսյանի մասին
Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Սյունիքի նորանշանակ մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, որի նշանակումը լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել։
«Խոսում են, թե Սյունիքում քաղաքացիներն իրենց վերաբերմունքն արտահայտեցին նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակմանը։ Չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ուղղակի մենք հարցումներով և այլն, հետևել ենք ողջ դինամիկային, Կապանի նախընտրական վիճակին, ես նույնպես այնտեղ էի, ըստ էության, իմ տպավորությամբ՝ այդ երկու իրադարձությունները կապված չեն։ Եթե նույնիսկ կապված են, սրանով ասելիքը չի փոխվում։
Ուզում եմ կրկին անդրադառնամ նշանակումների տրամաբանությանը՝ Հունան Պողոսյանի նշանակումով։ Ասել, թե նախկին իշխանությունների հետ Պողոսյանը աշխատել է և ուրեմն չպետք է աշխատի՝ ճիշտ մոտեցում չէ, որովհետև մեր կառավարությունում կան շատ մարդիկ, որոնք աշխատել են նաև նախկին կառավարությունում՝ Ատոմ Ջանջուղազյան, Դավիթ Տոնոյան, Վալերի Օսիպյան, Վանեցյան։ Մենք յուրաքանչյուր դեպքում պետք է կոնկրետացնենք՝ վերապահումն ինչում է. Հունան Պողոսյանի դեպքում կար Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ մեղադրանքը, որի մասին ժամանակին հղում անելով՝ Շանթ Հարությունյանի վրա հայտարարություն էի արել, բայց ասացի, որ որպես վարչապետ՝ հարց եմ տվել Հունան Պողոսյանին և ստացել եմ պատասխան, նաև Շանթ Հարությունյանի որդին՝ իմ լավ բարեկամը, հայտարարություն է արել և հերքել է Հունան Պողոսյանի մասնակցությունն այդ միջադեպին։
Իհարկե, բոլորի դեպքում պետք է գործի անմեղության կանխավարկածը, բայց եթե կա կոնկրետ մեղադրանք, ապա մենք կարող ենք գնալ մինչև վերջ։ Ես ասում եմ, եթե պարզվի, որ անձամբ ես ինչ-որ հանցանք եմ գործել, պետք է դատվեմ, և իշխանության մյուս ներկայացուցիչները՝ նույնպես։ Նկատի ունենք՝ եկեք չասենք, թե այս մարդը մի ժամանակ եղել է ինչ-որ տեղ և Նոր Հայաստանում այլևս տեղ չունի՝ ես սա համարում եմ քաղաքական ռասիզմ։ Եթե մարդը մեղավոր է՝ եկեք գնանք դատապարտենք, օրենքով ենթարկենք պատժի, եթե կոնկրետ մեղադրանք չունենք, եկեք քաղաքական ռասիզմի գիրկ չընկնենք։ Քրիստոնեության ամենամեծ առաքյալը, որը համարվում է ամենախոշոր գործիչը Քրիստոսից հետո, այն մարդն է, որն ամենադաժան հետապնդումների է ենթարկել քրիստոնեությունը։ Եթե այդպես գնայինք, մեր երկրում ընդդիմադիր գործունեություն են ծավալել նրանք, որոնք երկար ժամանակ եղել են իշխանություն։ Այս դեպքում մենք ըմբռնման կհասնենք, եթե չհասնենք, դուք բոլոր մեխանիզմներն ունեք երկրում վատ վարչապետից ու կառավարությունից ազատվել»։
ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, վարչապետի պաշտոնակատարը նշեց.
«Գիտեք, որ ԱԺ-ում տեղի են ունենում իրադարձություններ, վաղը լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու առաջին ժամկետը, ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի տեղի ունենա արտահեևրթ խորհրդարանական ընտրություններ։ Սկզբունքորեն, տեսականորեն՝ արդյո՞ք այս ընթացքում կարող են լինել դավադրություններ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տապալելու համար։ Տեսականորեն՝ այո, քանի որ այդ հարցը ծագելու է, և խնդիր կար ուրիշ եղանակով գնալ խորհրդարանի լուծարման, այսօրվա գործող սահմանադրությամբ խորհրդարանի լուծարման այլ տարբերակ պարզապես գոյություն չունի։ Տարբերակն այն է, որ մենք գնայինք սահմանադրության փոփոխության, որտեղ առանց վարչապետի հրաժարականի՝ հնարավոր կլիներ խորհրդարանը լուծարել։
Իհարկե, այս սցենարը կար, բայց, անկեղծ ասած, մենք որոշեցինք այդ ճանապարհով չգնալ, ինչո՞ւ, որովհետև զգացի որ կարող են լինել մեկնաբանություններ, որ հեղափոխության արդյունքում հասել եմ վարչապետի պաշտոնին և երկու ձեռքով կառչել եմ այդ աթոռից։ Այս նրբություններն ինձ համար կարևոր են, ասում են, եթե աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր այն և դեն նետիր։ Եթե այս առումով դավադրություններ լինեն, չնայած բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ նրանք դա չեն անելու, ինչի թույլ նախանշանները սկզբունքորեն կարելի է դիտարկել, չնայած մեկնաբանության խնդիր է, իր խոսքը կրկին պետք է ասի ժողովուրդը։ Ես, իհարկե, կրկին նույն ճանապարհով պետք է դիմեմ ձեզ և առաջարկեմ, կոչ անեմ, որ մենք կրկին հավաքվենք և մեր խոսքն ասենք։ Եվ եթե ժողովուրդն իր խոսքն ասի, ես ինձ շարունակում եմ համարել ժողովրդի կամքի արտահայտման և ի կատար ածելու երաշխավորը։ Հետևեք իրադարձություններին, լինենք մշտական կապի մեջ, որպեսզի այս բոլոր հարցերի վերաբերյալ կարողանանք արագ արձագանքենն և միասին կայացնենք որոշում։
Մեկ բան ակնհայտ է, որ պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հույս ունեմ, որ քաղաքական ուժերն այս ըմբռնմանը հակասող գործողություններ չեն անի, որովհետև սա ըստ էության քաղաքական ընտրություններին մասնակցելու հայտ չի լինելու, այլ քաղաքական իրավիճակն ապակայունացնելուն և սրանից բխող սպառնալիքներ ստեղծելուն ուղղված գործառույթ։
Սկզբունքորեն այս ընթացքում կարող են լինել դավադրություններ ԱԺ ընտրությունները տապալելու համար, տեսականորեն՝ այո, բայց ուզում եմ ասել, այսօրվա գործող սահմանադրությամբ Խորհրդարանի լուծարման այլ տարբերակ գոյություն չունի։ Իհարկե, այս սցենարը կար, ինչո՞ւ, որովհետև զգացի, որ կարող են լինել մեկնաբանություններ, որ հեղափոխության արդյունքում հասել եմ վարչապետի աթոռին և որևէ կերպ չեմ ուզում նրանից պոկվել։ Եթե հանկարծ որևէ մեկը փորձի այս ճանապարհով գնալ և որևէ դավադրություն անել, չնայած բոլոր խմբակցությունները խոստացել են նման բան անել, ինչի թույլ նախանշանները կան, խոսքը պետք է կրկին ասի ժողովուրդը և այս ճանապարհով պետք է դիմեմ ձեզ, մենք հավաքվենք»։
Հրապարակման պատրաստեց Զվարթ Խաչատրյանը