Բաժիններ՝

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները պատրաստ են կրկին դիմելու կտրուկ գործողությունների

Հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել էին Ալավերդի-Վանաձոր ճանապարհը և պահանջում էին, որպեսզի «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից շահագործվող պղնձամոլիբդենային գործարանը չդադարեցնի իր աշխատանքները։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի սահմանած նորմատիվներից հետո որոշում էր կայացվել դադարեցնել գործարանի աշխատանքները, քանի որ թույլատրելի արտանետումների քանակի այնպիսի թիվ էր սահմանվել, որ այն պահպանելու դեպքում գործարանի շահագործումը պետք է կասեցվեր։

Բողոքի ակցիայից ժամեր անց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի պատասխանատու Վահագ Սիսեռյանը հայտարարել էր, որ փոխվարչապետի պաշտոնակատարը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը կհանդիպեն հոկտեմբերի 22-ին, իսկ մինչ այդ հորդորել էին դադարեցնել բողոքի ակցիան։

Այսօր կայացել է նշված հանդիպումը, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն։

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակից, բողոքի ակցիայի մասնակից Արմեն Կիրակոսյանը 168.amի հետ զրույցում նշեց, որ հանդիպումից որոշ ակնկալիքներ ունի, քանի որ ՀՀ կառավարությունից ասել են, թե ամեն ինչ անում են, որպեսզի հարցը ստանա դրական լուծում։

«Գործը բարդ է այնքանով, որ ամեն ինչ կապված է «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ, բանկն իր գումարն է ուզում։ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի մի ամբողջ քաղաքի կյանքը չկանգնի։ Այսօր գործարանում աշխատում է մոտ 630 մարդ։ Նրանք այսօր եկել են գործարան, բայց արդեն զգուշացման թերթիկները կան, աշխատավարձերից ոչինչ հայտնի չէ, երևի բոլոր 2/3-ով կվարձատրվեն՝ ինչպես սահմանված է օրենքով, իսկ հետագայում, չգիտենք՝ ինչ կլինի»,- նշեց Ա. Կիրակոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ գործարանի աշխատակիցները պատրաստ են կրկին դիմելու կտրուկ գործողությունների, քանի որ պայքարում են օրվա հացի համար։

«Գործարանի աշխատակիցները պատրաստ են ամեն քայլի։ Նախկինում աշխատակիցները երբեք նման խնդրի առջև չեն կանգնել, գործարանը փակելու հետ կապված զրույցներ եղել են, սակայն այս վիճակի երբեք չի հասել»,- եզրափակեց Արմեն Կիրակոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս