«Բոլորին ծեփեք ասֆալտին, որ իմանան». Տիգրան Ուրիխանյանը՝ Արտակ Զեյնալյանին

«Ընտրությունները պետք է լինեն կատարյալ արդար, թափանցիկ, որակյալ, պրոցեսի հանդեպ հսկողությունը պետք է անցկացնի պետությունը, իսկ մասնակից-ընտրվողները պետք է հնարավորինս քիչ առնչություն ունենան մասնակից-կազմակերպիչների հետ, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ««ՀՀ ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որի հիմնական զեկուցողն արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն է։

Դիմելով Զեյնալյանին՝ Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե այդ պարագայում ի՞նչ վստահություն ունեն, որ նոր օրենսգրքով հասարակությունը, մասնակից քաղաքական ուժերն ավելի մեղմ հսկողություն կանեն, ու հետո տեղի չի ունենա այն, ինչ սովոր են միշտ անել։

Ի պատասխան՝ Զեյնալյանն ասաց, որ չպետք է նույնականացնեն օբյեկտիվ և բնական ճշմարտությունները. «Կատարյալ արդար ընտրություններ ասելով, եթե մենք պատկերացնում ենք այն մաթեմատիկական ճշգրտությունը, դա օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ ապահովել։ Եվ կա որոշակի խաղի կանոններ՝ ինչ-որ իրավիճակում ընդունվում է դրա լեգիտիմությունը, և դադար է առնում ընտրական արդյունքների վիճարկումը։ Մասնակից սուբյեկտները, դիտորդական առաքելությունները, քաղաքացիները պատասխանատվություն են կրում ընտրական պրոցեսները վերահսկելու։ Պառլամենտի կողմից ընդունվել են մեխանիզմներ, որոնք ոչ միայն Հայաստանում չեն եղել, նաև չեմ հանդիպել որևէ երկիր, որ դրանք եղել են։ Տրվել է հնարավորություն մասնակիցներին՝ հայց ներկայացնել վարչական պատասխանատվության վերաբերյալ այն անձանց նկատմամբ, ովքեր, ըստ իրենց՝ թույլ են տվել վարչական ռեսուրսի խախտում։ Կատարյալ արդարը միշտ առաջ է ընկած լինելու, և պետք է ձգտենք դրան»։

Կարդացեք նաև

Տիգրան Ուրիխանյանը նկատեց. «Ավելի լավ չէ՞ կոնկրետ ասել՝ ով հանկարծ տեղամասում փորձեց մեկի քվեաթերթիկների տրցակը վերցնել՝ դնել մյուսի տակ, ինչպես ասում է հարգարժան վարչապետը՝ ծեփելու ենք ասֆալտին։ Ավելի լավ չէ՞ ասել՝ փող բաժանող բռնեցինք, տեղում ձեռքից քաշելու ենք, տանենք բանտ, ավելի լավ չէ՞ ասել, որ տեղամասերում հսկողությունն իրավապահների կողմից այնպիսին է լինելու, որ որևէ մեկը, ով ուզենա ապականել այս ընտրությունները, հայտնվելու է ճաղերի հետևում։ Եկեք՝ այսպես անենք. բոլորին ծեփեք, որ իմանան»։

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ պետությունն ապահովելու է երաշխավորված իրավունքը։

Տեսանյութեր

Լրահոս