Թայվանի վարչակազմի ղեկավարը ժամանել է մարդատար գնացքի վթարի վայր
Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան ժամանել է մարդատար գնացքի վթարի վայր, որը 18 մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնել է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:
Puyuma Express արագընթաց գնացքը Թայվանի հյուսիսի Իլան գավառում ռելսերից դուրս է ընկել հոկտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 16.50-ին: Շարժակազմը Շուլին քաղաքից ուղերորվել էր Տայդուն: Վթարի պատճառը մինչ այժմ հայտնի չէ: Վթարի պահին գնացքում եղել է 366 մարդ:
Ըստ վերջին տվյալների՝ վթարի հետեւանքով զոհվել է 18 մարդ, տուժել է եւս 168 հոգի: Գործակալության տվյալներով Ցայ ինվենը պատահարի վայր է ժամանել՝ ծանոթանալու նորոգման-վերականգնողական աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ լսել է համապատասխան գերատեսչությունների զեկույցները: Թայվանի վարչակազմի ղեկավարն աղետը որակել է՝ «շատ ծանր»՝ ընդգծելով, որ մանրակրկիտ հետաքննություն կկատարվի վթարի պատճառները շուտափույթ պարզելու համար:
Նա հավելել է, որ տրանսպորտի նախարարությունը հույս ունի տեղամասում երթեւեկությունն ամբողջ ծավալով վերականգնել երեք օրվա ընթացքում: Ցայ Ինվենն արդեն հիվանդանոցում այցելել է տուժածներին ու նրանց հարազատներին եւ զորակցության խոսքեր ասել նրանց: Տեղական իշխանություններն այդ վթարն ամենախոշոր պատահարն են համարել երկաթուղում վերջին 37 տարվա ընթացքում: 1981 թվականի մարտին գնացքը բախվել էր երկաթգծին կանգնած բեռնատարին ու դուրս ընկել ռելսերից: Դրա հետեւանքով զոհվել էր 30, տուժել 130 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: