Պատահար Նոր Նորքում. մեքենան բախվել է պոլիկլինիկայի ճաղավանդակներին, գազատար խողովակին և էլեկտրական սյանը
Հոկտեմբերի 22-ին` ժամը 03:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ թիվ 20/1 հասցեում՝ նախկին պոլիկլինիկայի շենքի մոտակայքում, «Toyota 4Runner» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պոլիկլինիկայի ճաղավանդակներին, այնուհետև՝ գազատար խողովակին և էլեկտրական սյանը: ՃՏՊ-ի հետևանքով գազատար խողովակից առաջացել է արտահոսք՝ առանց բռնկման. տուժածներ չկան:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել վտանգավոր տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:
Արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից: