Բաժիններ՝

«Մեքենան, որը մեծ արագությամբ էր ընթանում, հրաշքով արգելակեց՝ հասնելով ինձ…»

Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք՝ այս լեռանը կասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ և այն կտեղափոխվի ու ոչինչ ձեզ համար անհնար չի լինի: (Մատթեոս 17:19)

Հաճախ է պատահում բոլորիս հետ, երբ միայն կյանքի այս կամ այն դժվարին իրավիճակներում ենք ապավինում Աստծուն՝ մոռանալով այն փաստը, որ Տերը միշտ է մեզ ուղեկից:

Իրականում, Տիրոջ կամքն է, որ մենք հույս դնենք Նրա զորության, սիրո, կարեկցանքի վրա, բայց իզուր չէ ասված՝ մարդու կյանքում Աստված ներկա է այնքանով, որքանով նրան հավատում ենք, ուստի մարդ արարածը պետք է ցանկացած պարագայում հավատա Տիրոջը, այլ ոչ Նրա գոյության ու զորության մասին հիշի իր կյանքի ճգնաժամային իրավիճակներում:

Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (հմմտ. Եբր. ԺԱ 1):

Աստծուն վստահող մարդու համար կյանքն ավելի դյուրին է ստացվում: Այն, կարծես, մի ժայռի վրա կառուցված տուն լինի, որի ամուր հիմքը պայմանավորված է նրանով, թե որքանով է մարդու հավատն ամուր Աստծո նկատմամբ:

Ես ընդամենը յոթ տարեկան էի, երբ սկսեցի հավատալ Տիրոջ զորությանը և այն հանգամանքին, որ Նա մեզ հետ հավասար քայլում է մեր կյանքի ամբողջ ճանապարհը:

Պապիկս վատառողջ էր. մայրիկիս հետ գնում էի հիվանդանոց նրան տեսակցության, երբ հանկարծ հանդիպակաց փողոցում տեսա հորաքրոջս և, թողնելով մորս ձեռքը, վազեցի դեպի նա՝ մեքենաների համար անցանելի կանաչ լուսացույցի տակ: Այդ պահին հիշում եմ մորս գոռոցը, ծնկի իջնելը և բղավելը՝ Տեր Աստված…:

Մեքենան, որը մեծ արագությամբ էր ընթանում, հրաշքով արգելակեց՝ հասնելով ինձ: Նրա արագությունն այնքան մեծ էր, որ անվադողերի հետքերն ամբողջ երկայնքով ընդգծվեցին.

«Ես այսօրվա պես հիշում եմ այդ դրվագը: Իմ աչքերի առաջ սևացավ և ես անբնական ուժով բղավեցի՝ ցանկանալով ձայնս հասցնել Աստծուն»,- պատմում է մայրս ու հավելում՝ Տերն ասում է. «Եվ դուք Ինձ կորոնեք և կգտնեք, որովհետև Ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով» (Երեմիա 29:13):

Սա հրաշք չէր իրականում, այլ պարզապես կյանքի այնպիսի իրավիճակ, որը ցույց տվեց, որ Աստված միշտ մեր կողքին է ու պատրաստ է օգնել ու պահպանել մեզ, եթե հավատում ենք Նրան:

Լիլիանա Օսիպյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս