
Ալժիրի պետական ծառայողներին արգելել են նիկաբ կրել

Ալժիրի իշխանությունները նիկաբ կրելու արգելք են սահմանել վարչական հիմնարկությունների աշխատակցուհիների համար: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
AP-ի տվյալներով՝ Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույախյան համապատասխան կարգադրություններ է ուղարկել նախարարություններ եւ տարածաշրջանային պետական ծառայություններ, որոնցում բացատրել է նման որոշման պատճառները:
Վարչապետը նշել է, որ պետական կառույցների աշխատակիցները պարտավոր են «հիմնարկությունում պահպանել անվտանգության կանոններն ու պահանջները եւ հաղորդակցվելու կանոնները, ինչն իր հերթին ենթադրում է ֆիզիկական նշաններով անձի սիստեմատիկ եւ մշտական նույնականացման հնարավորությունը»:
AP-ն ճշտում է, որ ալժիրցի կանանց հիմնական մասը մուսուլմանական գլխածածկոցն ընտրելիս նախապատվությունը տալիս է հիջաբին, որը կրելիս կնոջ դեմքը բաց է մնում. եւ միայն Ալժիրի բնակչուհիների փոքր մասն է նիկաբ կրում, որը միայն նեղ բացվածք է ենթադրում աչքերի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: