
Անշարժ գույքի բնագավառում համաշխարհային ներդրումները հասել են ռեկորդային ցուցանիշի

Ամբողջ աշխարհում անշարժ գույքի օբյեկտներում կատարված ներդրումների ծավալը 2018 թվականին պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է ռեկորդային 1,8 տրիլիոն ԱՄՆ-ի դոլարը: Այդ մասին ասված է Cushman & Wakefield ընկերության «Աշխարհի քաղաքները. պայքար ներդրումների համար» հաշվետվության մեջ:
Ինչպես նշում են վերլուծաբանները, աշխարհի անշարժ գույքի ոլորտում ներդրումների ծավալը 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ աճել է 18 տոկոսով, չնայած աշխարհաքաղաքական անկայունությանը եւ տնտեսական աճի ընդհանուր դանդաղմանը:
Առեւտրային անշարժ գույքի օբյեկտներում ներդրումների աճն ապահովել են ասիացի ներդրողները: Ինչպես հետեւում է հաշվետվությունից, Ասիան տարածաշրջանների թվում առաջատարն է դարձել ե՛ւ որպես կապիտալի աղբյուր, ե՛ւ որպես ներդրումների գոտի: Համաշխարհային ներդրումների մոտավորապես 52 տոկոսն արվել է հենց այնտեղ, իսկ միջազգային ներդրումների 45 տոկոսը եկել է ասիական տարածաշրջանից: