
Ինչո՞ւ Լենա Նազարյանը չի մասնակցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքի քննարկման համար։ Ըստ մեր աղբյուրների՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի նաեւ ԱԺ-ում ստեղծված խումբ, որն աշխատել է ԸՕ փոփոխության վրա, քննարկումները շատ բուռն կլինեն։
«Կա նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր՝ ԸՕ-ի քննարկման համար երկուշաբթի հրավիրված արտահերթ նիստի քվորումի հարցը՝ արդյոք քվորում կհավաքվի՞։ Եթե ՀՀԿ-ում քաղաքական որոշում չկայացվի՝ մասնակցության մասով, ապա քվորումի պատճառով հնարավոր է արտահերթը տեղի չունենա»։
Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի չորեքշաբթի կայացած նիստին հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ականները չեն մասնակցել, ինչն էլ «բոյկոտային» մոտեցման ազդանշան է դիտվել։
Սակայն անհասկանալին Լենա Նազարյանի բացակայությունն է եղել։ Նա երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել էր, որ իր հեղինակած՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու մասին նախագիծն արդեն պետաիրավական հարցերի հանձնաժողովում է, որը պետք է չորեքշաբթի հաստատվեր՝ երեքշաբթի մեկնարկող ԱԺ օրակարգ մտնելու համար, սակայն օրինագիծը հանվել է օրակարգից։
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ խնդիրը, ըստ ամենայնի, կապված է փոխհատուցվելիք գումարների չափի հետ․ «Բանն այն է, որ նախագիծը նախատեսում է փոխհատուցում տալ ոչ միայն 10 զոհվածների իրավահաջորդներին, այլեւ բոլորին, որոնց թիվը 300-ից անցնում է, ինչը լուրջ բեռ կարող է դառնալ այս պահին առանց այն էլ բավականին խղճուկ բյուջեի վրա, ուստի փորձում են գտնել ողջամիտ լուծումներ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: