Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների առողջական վիճակը բավարար է
Բուժզննումը ցույց է տվել, որ Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հոկտեմբերի 17-ին պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների առողջական վիճակը բավարար է: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
«Մանկաբույժների թիմն անցկացրել է երեխաների համապատասխան ստուգումներ, նյարդաբանը զննումներ է անցկացրել: Տղաները համապատասխանում են նաև քաշով: Վաղը պարզ կլինեն նաև արյան անալիզի պատասխանները: Գենետիկ անալիզ անելու հնարավորություն չկա, և 100 տոկոսով ասել, որ տղաները երկվորյակներ են, չենք կարող, բայց, անալիզի պատասխանները համադրելով, կարող ենք ասել, որ հավանականությունը մեծ է, որ երկվորյակներ են»,- նշեց Լիլիթ Գորգինյանը՝ խորհուրդ տալով բոլոր նրանց, ովքեր, իմանալով երեխաների մասին, ցանկություն են հայտնել որդեգրել՝ չշտապել:
«Ուզում եմ հանդարտվի այն աղմուկը, որ այս պահին կա՝ երեխաներին որդեգրելու հետ կապված, իսկ երեխաներին որդեգրելու ցանկություն հայտնողների թիվը բավական մեծ է: Ցանկությունը մի բան է, իրականությունը՝ այլ:
Նախ՝ այդ երեխաները, որպես որդեգրման ենթակա երեխաներ, դեռևս հաշվառված չեն և չեն էլ հաշվառվի առաջիկա 3 ամսվա ընթացքում, ինչպես պահանջում է Ընտանեկան օրենսգիրքը. այսինքն՝ եթե ծնողները չեն հայտնաբերվում երեխայի հայտնաբերման պահից 3 ամիս անց, այդ ժամանակ նոր երեխաները հաշվառվում են՝ որպես որդեգրման ենթակա երեխաներ: Իսկ եթե այդ ընթացքում ոստիկանությունը հայտնաբերում է ծնողներին, հավանականությունը մեծ է, որ երեխաները վերադառնան կենսաբանական ընտանիք»,- ընդգծեց պատասխանատուն՝ փաստելով՝ այս ընթացքում տղաներին որդեգրելու ցանկություն հայտնում են շատերը, նույնիսկ նրանք, ովքեր հաշվառված չեն որպես որդեգրողի թեկնածու:Երեխաները ներկա պահին գտնվում են խնամք իրականացնող շուրջօրյա հաստատությունում՝ ապահով ձեռքերում:
Արմենուհի Մխոյան