«Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին». նախագահը ներկա է գտնվել ԳԱԱ 75-ամյակի հանդիսավոր նիստին
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան 21-րդ դարում պետք է դառնա մեր առաջընթացի հիմնական գրավականը: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին նման համոզմունք հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով իրեն ևս համարում է հայկական գիտական համայնքի անդամներից մեկը:
«Ես չեմ դադարում կրկնել, որ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, և սա ամուր հիմքեր ունեցող համոզմունք է ինձ համար: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան դրա վկայություններից մեկն է: Գիտությունը՝ որպես երևույթ, դարձել է առաջընթացի ու զարգացման աներկբա գրավականը: Այս գործում ես կարևորում եմ ակադեմիայի դերը»,- նշեց նախագահը, հպարտությամբ հիշելով ԳԱԱ հիմնադրման 75 տարիների բոլոր նախագահներին:
Արմեն Սարգսյանը առանձնացրեց մի քանի կետեր, որոնք, ըստ իրեն, կարևոր են ակադեմիայի համար:
Նա վստահեցրեց, որ ԳԱԱ-ն պետք է պահպանի կապերը նախկին խորհրդային գիտական կենտրոնների հետ: «Մենք պարտավոր ենք ընդլայնել ակադեմիայի կապերը միջազգային գիտահետազոտական բոլոր կենտրոնների հետ: Պետք է աշխատենք համահունչ լինել ժամանակի պահանջների ն: Անհրաժեշտ է համախմբել մեր հայկական ակադեմիական գիտական ուժը»,- ասաց նա՝ հավելելով, որ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է դառնա համահայկական ակադեմիա, և համահայկական գիտական համախմբող մարմին:
ՀՀ նախագահն ընդգծեց, որ ֆունդամենտալ և կիրառական գիտություններն աստիճանաբար մերձենում են, և այսօրվա գիտական աշխատանքի արդյունքը կարող է կիրառվել տարիներ անց: «Ժամանակակից աշխարհում գիտության մեջ ներդրում կատարում են նաև եկամուտ ստանալու նպատակով, հետևաբար, երբ մենք խոսում ենք բիզնեսը գրավիչ դարձնելուց, պետք է անդրադառնանք նաև գիտական միջավայրը գրավիչ դարձնելուն»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը՝ վստահեցնելով, որ գիտության հանդեպ վերաբերմունքը պետք է սկսվի կրթական օջախից, և պետք է շատ ուշադիր և նվիրումով խորացնել ուսումնասիրությունները և հետազոտությունները հումանիտար գիտությունների և, հատկապես, հայագիտության ոլորտում:
«Գիտնականը նաև քաղաքացի է: Գիտնականը պետք է ակտիվ լինի ոչ միայն գիտական միջավայրում, այլև դրսևորի իրեն որպես սկզբունքային քաղաքացի, ունենա քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում: Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին»,- շեշտեց նախագահը` գիտական հասարակությանը մաղթելով առողջություն, շարունակական հաջողություններ: