
Հեղափոխության շունչն ամենաշատը Էջմիածնի բնակիչներն են զգում. Փաշինյանը մասնակցեց քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը զգացել են հենց Էջմիածնի բնակիչները: Այդ մասին Փաշինյանը նշեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքին:
«ՀՀ-ում հեղափոխության շունչն ամենաշատը հենց Էջմիածնի բնակիչներն են զգում, որովհետև, կարծում եմ, որ էջմիածնեցիները կոռուպցիոն համակարգից, օլիգարխական համակարգից ամենաշատն էին տուժում ձեզ հայտնի ժամանակներում: Երբ ասում էին, թե ՀՀ-ում կա բդեշխություն, ամենաշատը դուք էիք դա տեսնում, երբ ասում էին, թե ՀՀ-ում կան ապօրինություններ ու կամայականություններ, ամենաշատը դուք էիք զգում, և ես ուզում եմ այսօր առաջին հերթին շնորհավորել ձեզ հաղթանակի կապակցությամբ, որովհետև հաղթանակը ձերն է, հաղթողը դուք եք, հեղափոխությունը դուք եք արել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանն ընդգծեց, որ հոկտեմբերի 21-ին ևս մեկ մարտահրավերի առաջ են կանգնած և, դիմելով Էջմիածնի ընտրողներին, նշեց, որ առաջիկա կիրակի նրանց առաջ դրված է լինելու ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորություն: «Այդ հեղափոխությունը պակաս կարևոր չէ, քան այն հեղափոխությունը, որ արդեն տեղի է ունեցել: Ես չգիտեմ՝ այդ վիճակագրությանը տեղյակ եք, թե չէ, բայց երրորդ հանրապետության պատմության ընթացքում ՀՀ-ն չի ունեցել ոչ մի կին քաղաքապետ, և ահա ձեր առաջ է: Իրականացրեք ևս մեկ աննախադեպ հեղափոխություն, և Դիանա Գասպարյանին պետք ընտրեք երրորդ հանրապետության առաջին կին քաղաքապետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ ինքը չի թերագնահատում ոչ մի թեկնածուի, բայց կին քաղաքապետ ընտրելը չափազանց կարևոր հեղափոխություն է, որը կոչ է անում անպայման իրականացնել:
«1996-ից ՀՀ-ում անընդհատ փորձ էր արվում անել ժողովրդավարական հեղափոխություն, և անընդհատ դա չէր ստացվում տարբեր պատճառներով: Բայց ես ամենուր ասում եմ, թե որոնք էին այն վճռական գործոնները, որոնք հնարավոր դարձրին հեղափոխությունը 2018-ին. այդ գործոններից մեկը կանանց մասնակցությունն էր»,- ասաց Փաշինյանը: