
Արմավիրի մարզի Մարգարա համայնքում փետրվարի 17-ին կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ

Կառավարության որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում:
Մարգարա համայնքի ավագանու թվով 7 անդամները ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ավագանու անդամ Ռազմիկ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են վերջինիս կողմից ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու, իսկ Հերմինե Ղարիբյանի, Արմեն Արամյանի և Պարույր Անտոնյանի լիազորությունները՝ վերջիններիս կողմից հրաժարականի դիմումներ ներկայացնելու հիմքերով:
Այդ հանգամանքներով պայմանավորված, անհնարին է դարձել Մարգարա համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու յոթ անդամից մնացել են երեքը: Ս.թ. օգոստոսի 30-ին ավագանու մնացած անդամները կազմել են Մարգարա համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն: Վերոնշյալ արձանագրությունները Արմավիրի մարզպետի միջոցով ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: