
«Հուսով եմ՝ հասարակության արձագանքն անպատասխան չի մնա». Բորիս Նավասարդյանը՝ Նիկոլ Փաշինյանի որոշման մասին

«Հոկտեմբերի 2-ից հետո տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կատարել նաև ոչ պոպուլիստական քայլեր, կարող է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք շատերին, հնարավոր է՝ դուր չեն գալիս։ Օրերս Սյունիքի մարզպետ նշանակեց Հունան Պողոսյանին, որը միանշանակ չընդունվեց շատերի, այդ թվում և՝ իմ կողմից։ Ինձ մտահոգում է անպատժելիության հարցը։ Էլեկտրիկ Երևանի և բողոքի մի շարք ակցիաների ժամանակ ակնհայտորեն ուժ է կիրառվել, և Հունան Պողոսյանը պատասխանատու անձանցից մեկն է եղել, սակայն պատասխանատվության չի ենթարկվում։ Այդ գործողությունների տեսանյութերն էլ կան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ խնդիրն անպատժելիությունն է, ոչ թե սխալ կադրերի ընտրությունը։
«Անօրինական գործողությունների փաստը, կարծում եմ, պետք է արձանագրել, նոր ներում շնորհել։ Հուսով եմ՝ հասարակության արձագանքն անպատասխան չի մնա»։
Անի Կարապետյան