«Հայ ժողովրդի համար տարածքային որևէ զիջում անընդունելի է. հայկական կողմերն իրենց զիջումներն արդեն արել են». Գառնիկ Իսագուլյան

«Միլսի հայտարարության մեջ առանձնակի բաներ փնտրելն իմաստ չունի: Միլսն իր գործունեության ավարտին հասկացավ, որ հայ ժողովրդի համար տարածքային որևէ զիջումն անընդունելի է: Հայ ժողովուրդը տարածքային զիջումներ չի ընդունում ոչ թե նրա համար, որ դրանք օկուպացված են, ինչպես Միլսը հայտարարեց, այլ նրա համար, որ դրանք Արցախի մի մասն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, թե բացառվում է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Իսագուլյանը նկատեց՝ եթե խոսքը փոխզիջումների մասին է, ապա հայկական կողմերն իրենց զիջումներն արել են. «Խոսքը 1994թ. հրադադարի մասին է, 1995թ. համաձայնեցինք նրան, որ այլևս պատգամավորներ չընտրվեն այդ տարածքից: Հայկական կողմերի այդ միակողմանի զիջումներին հետևում էին Ադրբեջանի ավելի կոշտ դիրքորոշումները: Լավ կլիներ, որ մեր ԱԳՆ-ն տարբեր լեզուներով Արցախի ամբողջ պատմությունը կարողանա տալ, որովհետև մարդիկ գալիս են այդ պատմություններից անտեղյակ: Զուգահեռ պետք է տալ նաև Նախիջևանի պատմությունը, թե ինչպես է հայաթափվել հայկական տարածքը»:

168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից առաջ Ռիչարդ Միլսը տրամադրություններ էր ստուգում Հայաստանում, նա այսպես պատասխանեց.

«Բոլթոնը կգա, էլի պետքարտուղարներ կգան, չի բացառվում, որ մեզ մոտ այցելեն ԱՄՆ հետագա նախագահները, բայց դա չի կարող որևէ բան փոխել հայ ժողովրդի մոտ: Թե նախորդ նախագահներն ինչ բանակցություններ են վարել, դա էական չէ, ոչ մի փաստաթուղթ չի եղել: Գործող վարչապետն էլ կարող է բանակցել՝ ինչի շուրջ ուզում է»:

Գնացող դեսպանը, ըստ նրա՝ արել է հայտարարություն, որը երկիմաստ էր. «Նա երբ խոսում է տարածքների մասին, ապա վերջնական լուծման տարբերակը չի ասում: Արցախյան հիմնախնդիրը լուծված էր դեռ ԽՍՀՄ պայմաններում. մենք ունեցել ենք ԳԽ պատգամավորներ, և, ըստ էության, Արցախը միացված էր Հայաստանին»:

Տեսանյութեր

Լրահոս