«Ինչ խորհուրդներ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը տա Նիկոլ Փաշինյանին, միևնույն է՝ դրանք վնասակար են լինելու». Լարիսա Ալավերդյան
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը տևական ժամանակ սկսել են հաճախակի հանդիպումներ ունենալ։ Ըստ այդ լուրերի՝ Ն. Փաշինյանը վստահում է Տեր-Պետրոսյանի փորձառությանը, իսկ վերջինս էլ նրան օգնում է արտաքին քաղաքական հարցերում։
Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հուլիս ամսին կառավարական առանձնատանը տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների, արտաքին քաղաքականության և Արցախի հիմնախնդրին վերաբերող հարցերի շուրջ: Սակայն հանդիպումից հետո չէր ներկայացվել առաջին նախագահի տեսակետը՝ կապված Արցախի հարցի լուծման և այլ խնդիրների հետ։
168.am-ի հետ զրույցում ՀՀ-ում մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումների ետևում տեսնում է բոլոր վտանգները։
«Ինչպես տարիներ շարունակ ասել եմ, նախագահներին քննադատել եմ իրենց նախագահության տարիներին, ի տարբերություն շատերի, որոնք աշխուժանում են, երբ նախագահները հեռանում են։ Բայց մեկ բան հստակ է, որ ամենակոպիտ սխալը գործել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը՝ նրա նախագահ եղած ժամանակ։ Կարծում եմ՝ սա ամենատապալված քաղաքականությունն էր։ Հույս ունեմ, որ նոր ժամանակները և այն ամենը, ինչի միջով մենք արդեն անցել ենք, թույլ չեն տալու այդ ուժին կրկին ասպարեզ բերելու Արցախի հիմնահարցի հետ կապված իր մոտեցումները։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Արցախն արդեն կայացած պետություն է, անկախ այն հանգամանքից՝ այդ փաստը կընդունե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Լ. Ալավերդյանը։
Նրա բնորոշմամբ, ինչ խորհուրդ էլ Տեր-Պետրոսյանը տա Փաշինյանին, միևնույն է՝ դրանք վնասակար են լինելու, քանի որ առաջին նախագահի վարած քաղաքականությունը, ըստ նրա՝ տապալվել է։
«Եթե նոր իշխանությունները չլինեն ավելի ճկուն և լսեն առաջին նախագահի խորհուրդները, ապա դա միայն կթանկացնի, կհեռացնի մեր ապագա հաղթանակը։ Բայց չեմ կասկածում, որ մենք ունենք հաղթական ճանապարհ, որովհետև ունենք այն ժողովուրդը, որն ունենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Զվարթ Խաչատրյան