
«Ավստրիան միգրացիոն ճգնաժամի լուծման նոր մեխանիզմ է առաջարկում քվոտաների փոխարեն». Կուրց

Ավստրիան վստահ է, որ ապագայում այլեւս չեն լինի Եվրամիությունում փախստականների տարաբնակեցման պարտադիր քվոտաներ, ուստի Վիեննան կառաջարկի ճգնաժամի կարգավորման նոր համակարգ՝ յուրաքանչյուր առանձին երկրի կամավոր ներդրման ճանապարհով:
Այդ մասին հայտարարել է 2018 թվականի երկրորդ կեսին ԵՄ-ի Խորհուրդը նախագահող Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը՝ ամփոփելով Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները:
«Ինչ վերաբերում Է Եվրամիության ներսում միգրացիոն խնդրի քննարկմանը, ապա ավելի ու ավելի է մեծանում այն բանի ըմբռնումը, որ պարտադիր քվոտաներ այլեւս չեն լինելու: Ես քննարկման կներկայացնեմ առաջարկ, որպեսզի մենք ընթանանք այսպես կոչված պարտադիր համերաշխության ճանապարհով. խոսքը վերաբերում է համագործակցությանը, որի դեպքում յուրաքանչյուրն իր ավանդն է ներդնում, բայց այդ ավանդը կարող է դրսեւորվել տարբեր ձեւերով: Կարծում եմ՝ այդ առաջարկը մեծ աջակցություն կգտնի»,-ասել է Կուրցը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ միգրացիոն հարցում վերջին ժամանակներս Եվրամիությունում բազմաթիվ դրական փոփոխություններ կան: «2015 թվականի համեմատությամբ Եվրոպա ժամանողների թվի կրճատում է դիտվում 95 տոկոսով,-նշել է Կուրցը:-Մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ, ընդսմին տարանցիկ երկրների հետ համագործակցությունը բարելավվում է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: