
«Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը՝ ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան գործադիրի աշխատանքները:
«Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և քաղաքական իրավիճակները հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն են ունենում: Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան մեր աշխատանքները, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Բայց մյուս կողմից` այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման, առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, օգտվելով այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում՝ սա շատ լավ ժամանակաշրջան է առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար:
«Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված՝ այս ժամանակը կօգտագործվի կառուցողական նպատակներով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: