Անուբախ Համբարյանը ևս «պատրաստ է ծառայել պետությանն ու հայրենիքին». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը վրդովմունք և բուռն քննարկումներ է առաջացրել հանրության շրջանում։ Քննարկումների նոր ալիք բարձրացավ հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պարզաբանումից հետո:
Նախկին ոստիկանապետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանը մեզ հետ զրույցում նախ ողջունեց Հունան Պողոսյանի նշանակումը, ապա չբացառեց նաև իր ներգրավվածությունը նոր Հայաստանին.
«Դրանք շատ անտեղի քննադատություններ են։ Հունան Պողոսյանը շատ պետականամետ գործիչ է, պետության մարդ է, և ես շատ ուրախ եմ այդ նշանակման համար ու շատ-շատ շնորհակալ եմ նրան նշանակողներին,- նշեց Համբարյանը՝ հավելելով,- Ես պատրաստ եմ ծառայել իմ պետությանն ու հայրենիքին»։
-Շատ դրական, շատ լավ եմ գնահատում Հունան Պողոսյանի նշանակումը։ Շատ ճիշտ ու տրամաբանական որոշում էր։
–Բայց երեկվանից քննադատությունները այդ որոշման հետ կապված չեն դադարում։ Ոմանք նշանակումը որակում են անգամ որպես խայտառակ նշանակում։
-Դրանք շատ անտեղի քննադատություններ են։ Հունան Պողոսյանը շատ պետականամետ գործիչ է, պետության մարդ է, և ես շատ ուրախ եմ այդ նշանակման համար ու շատ-շատ շնորհակալ եմ նրան նշանակողներին։
–Դուք ասում եք՝ պետության մարդ է, շատերն էլ նրան բնութագրում են որպես նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ, բռնությամբ ցույց ցրող։
-Տարբեր մարդիկ կարող են տարբեր բաներ ասել, բայց ես հո գիտեմ, որ ինքը ազնիվ, պարկեշտ է և շատ ուրախ եմ, որ նման կադրերը տեղ են գտնում նոր Հայաստանում։
-Իսկ Հունան Պողոսյանի դիզած հարստությունը ձեզ մոտ՝ որպես նոր Հայաստանի ջատագովի, հարցեր չի՞ առաջացնում։
-Նման բան չկա, ես չեմ հավատում էդ խոսակցություններին, թե ապօրինի է հարստացել։ Չկա նման բան։ Հաջողություն ձեզ։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: