Բաժիններ՝

«Բոլորի էներգետիկան մեզ շատ օգնեց». Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի հավաքականի հաղթանակի մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարիզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խաղից հետո կիսվել է տպավորություններով:

«Ես չեմ ուզում խոսել անցյալով, Ջիբրալթարի հետ խաղն ասես դժբախտ պատահար լիներ ֆուտբոլում: Ջիբրալթարի հետ խաղում էլ տղաները անմնացորդ նվիրվեցին, 36 հարված արեցին, բայց գոլերը չէին ստացում: Դրանից հետո հավաքվեցինք, խոսեցինք, քննարկեցին, ֆեդերացիայի նախագահն էլ եկավ տղաների հետ խոսելու: Դա իրոք մեր կարգը չէր: Ուղղակի լինում են նման դեպքեր: Հիշեք անցյալ տարի, երբ Ֆրանսիան էլ ոչ-ոքի խաղաց Լյուքսենբուրգի հետ:

Ես առաջին խաղում ևս նվիրվածություն էի տեսել, այս խաղում նվիրվածությունը եռակի, քառակի էր, որպեսզի բոլորի՝ երկրպագուների, հանդիսականի հավատը հետ բերեինք հավաքականի նկատմամբ:

Ես էլի եմ կրկնում, որ պետք է զարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլը, որպեսզի լինեն նոր հենրիխներ, նոր յուրաներ, նոր ղազարյաններ և այլն: Իհարկե, առաջիկա խաղերում ուշադրոթյուն դարձվելու է երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին: Երիտասարդական հավաքականի լավագույնները կներգրավվեն ազգային հավաքականում:

Ջիբրալթարի հավաքականին փորձում էինք արագ գոլ խփել, քանի որ նման թիմերի դեպքում գոլը ուշացնելը դժվարացնում է խաղը: Այս խաղում ևս սկզբում մենք շատ ակտիվ էինք: Երբ Մխիթարյանի հարվածը դիպավ դարպասաձողին, դրանից հետո մոտ 10 րոպե մեծ ճնշում կար մեր դարպասի նկատմամաբ, բայց տղաները պատվով հաղթահարեցին այդ ճնշումը:

Երկրպագուների հետ հանդիոպումը, իհարկե, ազդեց խաղի վրա: Բոլորի էներգետիկան մեզ շատ օգնեց: Անգամ Ջիբրալթարին պարտվելուց հետո այսքան մարդ էր եկել մարզադաշտ և ես շատ շնորհակալ եմ բոլորին»:

Ինչ վերաբերվում է Մարկոս Պիզելիի վնասվածքին, հավաքականի մարզիչը նշում է, որ Մարկոսը հիվանդանոցում է: Նա հետազոտվում է և առաջիկայում պարզ կլինեն մանրամասները: Առաջին հայացքից տպավորություն է, որ Մարկոսի վնասվածքը լուրջ է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս