
Աֆղանստանում ավելի քան 30 ոստիկան է զոհվել թալիբների հետ ընդհարումների հետևանքով

Աֆղանստանի հյուսիսում առնվազն 30 ոստիկան է զոհվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Փաժվաք» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ:
Թալիբները հոկտեմբերի 16-ի առավոտյան Սամանգանի նահանգում գրոհել են հսկիչ անցակետերը, հայտարարել է մի աղբյուր, որը չի ցանկացել հայտնել անունը: Նա հավելել է, որ սպանվել են 30-ից ավելի ոստիկաններ, նրանց թվում է եղել ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Հվանի Թահիրին: Ոստիկանության ներկայացուցիչ Մոնիր Ռահիմին հաստատել է ընդհարման փաստը՝ հավելելով, որ մանրամասնությունները կհաղորդվեն ավելի ուշ:
Թալիբները զավթել են ութ ոստիկանական ավտոմեքենա, երկու տանկ, զենք եւ հանդերձանք, հայտնել է աղբյուրը: Շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հավաստել է հարձակումը եւ ոստիկանության տասնյակ աշխատակիցների, այդ թվում՝ պետի սպանությունը:
Աֆղանստանում տեղի է ունենում կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայություն, որն ավելի վաղ զգալի տարածք է գրավել երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: