«Նման լուրերը ոչ այլ ինչ են, քան անհեթեթություն և զառանցանք». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային պայմանավորվածության մասին
Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգը: Ըստ նոր հայեցակարգի՝ Ազգային ժողովի ընտրությունների համար անցողիկ շեմը կուսակցությունների և դաշինքների համար նվազում է մեկական տոկոսով: Սա նշանակում է, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս:
«Նախատեսվում է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նվազագույն թիվը ներկայիս 3-ի փոխարեն դառնա 4՝ անկախ անցողիկ շեմից: Այսինքն, օրենքով երաշխավորվելու է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի նվազագույնը 4 քաղաքական ուժ»,- նշել է Իոաննիսյանը:
Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգի ներկայացումից հետո գնահատականներ եղան, որ 4 քաղաքական ուժի ներկայացվածությունը նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի և ներկայիս իշխանությունների ստվերային պայմանավորվածության արդյունք է:
Տվյալ հարցի պարզաբանման համար 168.am-ը զրուցեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Նախ նշեմ, որ Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանը երբեք օրվա իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ստվերային պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Առավել ևս, այս Ընտրական օրենսգրքի հետ կապված ստվերային որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել և նման լուրերը ոչ այլ ինչ են, քան անհեթեթություն և զառանցանք: Ոչ միայն ձեռք չենք բերել, այլև որևէ մեկի հետ մտադիր էլ չենք ստվերային պայմանավորվածության և որևէ գործարքների գնալ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: