
«Սամվել Մայրապետյանը Ռոբերտ Քոչարյանի բիզնես պարտնյորը չէ, քաղաքական հետևորդը չէ, նրա ընտանիքի ընկերը չէ». Ալեքսանդր Սիրունյան

Օրեր առաջ կաշառք տալու օժանդակության մեջ մեղադրանքով կալանավորվեց, ապա ձերբակալվեց խոշոր գործարար, «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, Հայաստանում «Տոյոտայի» ներկայացուցիչ Սամվել Մայրապետյանը, ում անունը կապվում է նաև Հյուսիսային պողոտայի նորակառույց շենքերի շինարարության հետ:
Զանգվածային լրատվության միջոցները Սամվել Մայրապետյանին առնչվող դեպքը լուսաբանելիս հատկապես շեշտում էին վերջինիս` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորը և նրա բիզնես գործնկերը լինելու հանգամանքը, և այս համատեքստում երեկ factor.am-ին Ս. Մայրապետյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի տված հարցազրույցը, որում նա ասում էր, որ Մայրապետյանը Ռոբերտ Քոչարյանին չի ճանաչում՝ քաղաքականապես ակտիվ զանգվածի մոտ միանշանակ չընդունվեց:
Այսօր «Հ2» հեռուստաընկերության հետ զրույցում Ալ. Սիրունյանը մեկնաբանել է իր աղմկահարույց հայտարարությունը:
Նա մասնավորապես նշել է, որ նկատի է ունեցել, որ իր պաշտպանյալը Ռոբերտ Քոչարյանի հետ անձնական հարաբերություններ չունի, նրանք պարբերաբար չեն հանդիպում, միմյանց հետ ժամանակ չեն անցկացնում, բիզնես հարաբերություններ, համատեղ քաղաքական մոտեցումներ չունեն:
Ալ. Սիրունյանը շեշտեց, որ, բնականաբար, չի կարող Ռոբերտ Քոչարյանը չճանաչել երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկի սեփականատիրոջը, սակայն անձնական կապեր նրանք չունեն:
«Ես չգիտեմ, թե Քոչարյանը ինչ բիզնեսներ ունի, բայց հաստատ Մայրապետյանը նրա բիզնես պարտնյորը չէ, քաղաքական հետևորդը չէ, նրա ընտանիքի ընկերը չէ»,- հավելեց Ս. Մայրապետյանի շահերի պաշտպանը:
Ալ. Սիրունյանն իր տարակուսանքը հայտնեց այն առնչությամբ, որ, փաստորեն, մարդկանց հուզում է ոչ թե այն հանգամանքը, որ հիվանդ մարդը գտնվում է կալանքի տակ, այլ «ճանաչում է-չի ճանաչում» բառախաղը:
ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ